Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սրճարանին»: Այդ հաստատությունը տիրուհու` Վալերի Գործունյանի հայրենասիրական ու ֆինանսական պարտականությունների պտուղն է եւ սփյուռքի ու Հայաստանի համագործակցության հաջող օրինակ: Գործունեության տասներեք տարիների ընթացքում մասնակից է եղել հայրենիքի բոլոր հաջողություններին ու դժվարություններին: Հայաստանում ֆրանսիական ներդրումների առաջամարտիկի բաց նամակը տխուր բովանդակությամբ է:
«Այսօր ես տխուր եմ: Տասներեք տարի առաջ ես որոշեցի թողնել Ֆրանսիան, իմ երկրորդ հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան` հայրենիքում ներդրում անելու նպատակով, ստեղծելով «Փարիզյան սրճարանը»: Ես ներդրեցի իմ ժամանակը, էներգիան, առողջությունն ու գումարները, որպեսզի Աբովյան փողոցում լուսավորվի փարիզյան փոքրիկ սրճարանը, որ եղել է գործարար, ընկերական ու հանգստի հանդիպումների վայր: Սակայն փոքրիկ երազանքս ինձ համար վերածվել է անվերջանալի մղձավանջի: Չանդրադառնալով իմ անձնական խնդիրներին, ուզում եմ պարզապես նշել, որ իմ, թերեւս ոչ տեղին, մարդահավատության պատճառով ես պարտք տվեցի մի մարդու, որն իբր չէր կարողանում, բայց իրականում հրաժարվում էր վերադարձնել, իսկ երբ իմ մեծահոգությունն ինձ ստիպեց այդ մարդուն ներգրավել իմ բիզնեսում, ես հասկացա, որ նա պարբերաբար թալանում է ինձ` իրեն հավատարիմ դարձած որոշ ծառայողների հետ, որոնք իրենց հովանավորի պես դարձել են մեկը մյուսից կոռումպացված: Կարող եք ասել, որ սովորական պատմություն է, որին հնարավոր է ամեն տեղ հանդիպել: Բայց ամեն տեղ գործում է ժայռի նման ամուր արդարադատությունը, որ պաշտպանում է մարդու իրավունքներն ու հետաքրքրությունները: Արդարադատությունը պետք է բռնի գողի ձեռքը... Այդպես է ամենուր, բացի իմ սիրելի Հայաստանից, որտեղ արդարադատությունը կոռումպացված է ոսկորներից ու արմատից, որտեղ բանակցում է մեղավորի հետ, որտեղ թույլից վերցնում է ունեցվածքը, որ բաժանի ուժեղի հետ, որտեղ ճշմարտությունից ավելի փողն է նախընտրում: Սա է իմ տխրության պատճառը, տխուր եմ, որ իմ ու ձեր սրտերի համար թանկ Հայաստանը դադարում է գործելուց, տխուր եմ, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում ես ստիպված եմ փակել սրճարանն ու վերադառնալ Ֆրանսիա:
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648