Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Աբովյանում առաջատարներիՙ «Արարատի» եւ «Միկայի» միջեւ կայացած հանդիպումը: Երկու թիմերն էլ հաջող են մեկնարկել եւ ընթանում էին առանց միավորի կորստի: Հաշվետու խաղում ավելի դժվար էր արարատցիների խնդիրը, քանի որ ընդամենը չորս օր առաջ նրանք գավաթի եզրափակիչում 120 րոպեանոց ծանր մրցախաղ էին անցկացրել «Բանանցի» հետ: Իսկ ահա «Միկան» այդ ընթացքում հանգստացել էր եւ ֆուտբոլիստներն ավելի թարմ տեսք ունեին:
Առաջին խաղակեսն անցավ արարատցիների զգալի առավելությամբ: Նրանք ստիպել էին հյուրերին հիմնական ուշադրությունը դարձնել պաշտպանությանը: 17-րդ րոպեին Վահե Մեհրաբյանի մոտ 35 մետրից կատարած հարվածը դարպասապահը դժվարությամբ հետ մղեց: Իսկ 3 րոպե անց «Արարատը» բացեց հաշիվը: Ձախ թեւում Մարկոսն ընդունելով դարպասը եւ տեսնելով, որ Գառնիկ Հովհաննիսյանն անպաշտպան է թողել դարպասի հեռավոր անկյունը, գնդակն ուղարկեց դարպասը: Եվս երեք րոպե անց աչքի ընկավ Էդգար Սաֆարյանը: Տուգանային հրապարակում ընդունելով գնդակը, նա խաբս տվեց պաշտպանին ու երկրորդ գոլը խփեց:
«Միկան» գոլային միայն մեկ պահ ունեցավ, երբ օգտվելով «Արարատի» պաշտպանի սխալից, Նարեկ Բեգլարյանը մեն-մենակ հայտնվեց դարպասի դիմաց, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Ընդմիջումից հետո արարատցիները կրկին ակտիվ էին գործում: Նրանք ունեցան դարպասը գրավելու մի քանի լավ առիթներ, սակայն չօգտագործեցին: Երկրորդ խաղակեսի միջնամասում արարատցիների մոտ զգալ տվեց հոգնածությունը: Դրանից օգտվելով, «Միկան» զգալիորեն ակտիվացրեց հարձակողական գործողություններըՙ տիրելով նախաձեռնությանը: Նրանց ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Արմեն Պետրոսյանը գլխի հարվածով կրճատեց հաշիվը: Սակայն ավելին անել «Միկային» չհաջողվեց: Հաղթելով 2-1 հաշվով, «Արարատն» ամրապնդեց առաջատարի դիրքերը: Մարզիչները խաղից հետո հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Վարուժան Սուքիասյան («Արարատ»)-Մեզ համար չափից ավելի ծանր խաղ էր սպասվում, քանի որ «Բանանցի» հետ գավաթի եզրափակիչում հորդառատ անձրեւի տակ երեք խաղակես էինք անցկացրել: Տղաներին խնդրել էի, որ աշխատեն արագ գոլ խփել: Դա մեզ հաջողվեց եւ առաջին խաղակեսին գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցինք: Իսկ 2-րդ խաղակեսի միջնամասում, որքան էլ փորձում էինք խաղը հակագրոհների վրա կազմակերպել, «Միկան» ֆիզիկապես գերազանցեց մեզ ու գոլ խփեց: Բայց կարողացանք խաղը հաղթական ավարտի հասցնել: Կարծում եմ, որ Մարկոսի դեմ կոպիտ խաղի համար մրցավարը պետք է 11 մ նշանակեր: Իսկ չհաշված գոլի պահը հարկ է ուսումնասիրել տեսաժապավենով:
Ալբերտ Սաֆարյան («Միկա»)-Մենք լրջորեն էինք նախապատրաստվել խաղին, ուսումնասիրել էինք մրցակցի խաղը: Եթե «Արարատը» հոգնած էր, ապա մենք էլ բավական ժամանակ չէինք խաղացել, ուստի ռիթմից ընկել էինք: Առաջին խաղակեսում պաշտպանների անուշադրության հետեւանքով գոլ բաց թողեցինք: Ընդմիջումից հետո խաղային եւ տարածքային առավելություն ունեինք, բայց ավելորդ շտապողականության պատճառով չկարողացանք փրկել խաղը: Ընդհանուր առմամբ լավ խաղ ստացվեց: Կարծում եմ, մենք էլ 11 մ հարվածի իրավունք պետք է ստանայինք: Շնորհավորում եմ «Արարատին» հաղթանակի համար:
Գավաթի եզրափակիչի մյուս մասնակիցըՙ «Բանանցը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Թեեւ առաջինը հաշիվը բացեց «Կիլիկիան» (Ռաֆայել Մկրտչյան), սակայն հետագայում «Բանանցը» տիրեց նախաձեռնությանը: «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Մարկո Գանչեւը, Արսեն Բալաբեկյանը, Պլամեն Կրումովն ու Նորայր Գյոզալյանը: «Կիլիկիայից» 2-րդ գոլը խփեց Կարեն Խաչատրյանը:
«Փյունիկ»-«Գանձասար» խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: 71-րդ րոպեին հաշիվը բացեց նախկին փյունիկցի Արսեն Ավետիսյանը: 5 րոպե անց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը վերականգնեց հավասարակշռությունը: «Շիրակն» էլ շնորհիվ Անդրանիկ Բարիկյանի խփած գոլի հյուրընկալվելիս հաղթեց «Ուլիսին»:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1.Արարատ | 5 | 5 | 0 | 0 | 12-1 | 15 |
2. Միկա | 4 | 3 | 0 | 1 | 10-4 | 9 |
3. Շիրակ | 5 | 3 | 0 | 2 | 6-6 | 9 |
4. Փյունիկ | 4 | 2 | 1 | 1 | 3-3 | 7 |
5. Բանանց | 5 | 2 | 1 | 2 | 5-4 | 7 |
6. Գանձասար | 5 | 1 | 2 | 2 | 5-7 | 5 |
7. Ուլիս | 5 | 1 | 0 | 4 | 3-5 | 3 |
8. Կիլիկիա | 5 | 0 | 0 | 5 | 3-17 | 0 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 5 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 5 |
Սարգիս Մովսիսյան | «Արարատ» | 3 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ