«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց, թե բնակլիմայական պայմանների պատճառով ինչ ազդեցություններ են ունենում ցրտահարությունները, երաշտը, կարկուտը, գյուղացիական տնտեսությունների վրա: «Այդ երեւույթները ամեն տարի այս կամ այն չափով իրենց ազդեցությունները թողնում են: 2008-ը բացառություն չկազմեց ու հատկապես Արարատյան հարթավայրում նկատվեց ցրտահարություն առանձին վայրերում, հատկապես դեղձենիների: Բարձրադիր գոտիներում վնասվել են աշնանացանները (որոշ վայրերում) իսկ հարթավայրային գոտումՙ խաղողի չթաղված վազերն են վնասվել»: Վերջին օրերին ջերմաստիճանի նվազումը մեծ վնասներ է հասցրել աշնանացան ցորենի ցանքատարածքներին, եւ դա պրն Պետրոսյանը պարզաբանեց այս կերպ. «Դրանց հիմնական պատճառը ցանքի ժամկետների խախտումն է»: Ցրտահարություններին անդրադառնալով մասնագետը նշեց. «Բոլոր այն պտղատու ծառատեսակները, խաղողի վազերը, որոնք ժամանակին պարարտացվում են, ոռոգվում են, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի ճիշտ միջոցառումները արվում են, դառնում են շատ ու շատ դիմացկուն ու կայունՙ ձմռան անբարենպաստ պայմաններում»:

Անդրադառնալով գարնանային ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանն ու նվազմանը պրն. Պետրոսյանը նշեց. «Բարեբախտաբար անձրեւները կտրուկ նվազեցրին երաշտի վերահաս վտանգը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ցրտահարությունից կարտոֆիլի ցանքատարածությունները չեն վնասվել, որտեղ ծլարձակումը դեռ չի եղել: Աշնանացան հացահատիկի ցանքատարածություններում վնասվածության նշաններ երեւում են, սակայն դրանք բերքի վրա որեւէ ազդեցություն չեն ունենա: Վնասներ կան գարնանացան գարու ցանքատարածքներում: Վերջին մի քանի օրերին տեղացած կարկուտից վնասվել են Արմավիրի մարզի 6-7 համայնքների առանձին հողատարածքներըՙ տարբեր չափերով: Աշնակ համայնքում կարկուտից վնասվել են պտղատու ծառերը եւ փոքր ցանքերը: Այն ամենը, ինչ ես նշեցի, տեղային բնույթ ունի եւ չի կարող ազդել հանրապետությունում սպասվող բերքի վրա»:

Մասնագետները գտնում են, որ այս տարի լուրջ բերք է սպասվում ծիրանի այգիներիցՙ առնվազն 50-60 հազար տոննա, շուկան հագեցած կլինի դեղձի տարբեր սորտերով, խաղողի աննախադեպ բարձր բերքով, նաեւ կարտոֆիլով: Եվ արդեն գյուղնախարարությունը քննարկումներ է անցկացրել Արմավիրի ու Արարատի մարզի պտուղ արտահանողների հետ, որ ժամանակին կարողանան արտահանել 15-20 հազար տոննա ծիրան: Գյուղատնտեսության նախարարի հրամանով, ՀՀ-ից արտահանվող պտուղբանջարեղենի համար խոչընդոտներ ու վճարներ չեն լինի շաբաթվա բոլոր օրերին: «Ազգի» այն հարցին, թե ե՞րբ է վերջապես ներդրվելու ապահովագրական համակարգը, որը գյուղական տնտեսություններին կապահովագրի բնական աղետների պատճառած ֆինանսական վնասների դիմաց, պրն Պետրոսյանը պատասխանեց, որ կառավարությունում հոկտեմբեր ամսին կքննարկվի ապահովագրական հայեցակարգն ու կներդրվի: Մինչեւ այժմ ապահովագրական գործառույթները չեն կայանում, քանի որ գյուղացին ի վիճակի չէ վճարել որոշակի գումար: Հուսանք, որ այս հարցերը կլուծվեն հօգուտ գյուղացիական տնտեսությունների:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4