Դմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին նույն հետեւությամբՙ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես կգործի այդ զույգը:
Մեկնաբանությունների զգալի մասին բնորոշ էր նաեւ... հումորը: Դե, ինքներդ եք հասկանում, ինչպես կարող ես ակադեմիական ոճով գրել մի քաղաքական երեւույթի մասին, որը նոր-նոր է սկսվում եւ հնարավոր չէ գլխի ընկնել, թե ինչով կավարտվի: Եթե մենք էլ տուրք տանք զավեշտներին, ապա պիտի սրտի ցավով արձանագրենք, որ Ռուսաստանի ներկայիս կառավարությունում չկա ոչ մի... հայ: Եթե, իհարկե, արտգործնախարար Սերգեյ Լավրովին չհամարենք մասնակի բացառություն: Գիտակների մեծ մասն այն կարծիքին է, որ Պուտինին հաջողվել էր թիմում հավասարակշռել լիբերալներին եւ ուժայիններին: Դե, երեւի ռուսահայերը դրանց մեջ չեն մտնում...
Բարի պտուղ չեն նաեւ արեւմտյան փորձագետները: Ելնելով Մեդվեդեւի կողմից Կրեմլում Պուտինին առաջին անգամ պաշտոնապես ընդունելու լուսանկարից, նրանք չարախնդորեն նկատեցին, որ Պուտինը նստել է իր «ավանդական» (դիմացիցՙ ձախ) աթոռին, որում նա որպես նախագահ ընդունում է պաշտոնատար անձանց: Համաձայնեք, շատ նուրբ ու բազմանշանակ դիտարկում է: Ակնհայտ է, որ երկյակի հակադրության մեջ առավելությունը տրվում է Պուտինին: Արեւմտյան թերթերից մեկը նույնիսկ վերհիշել էր, որ երբ Ելցինը գահը հանձնում էր Պուտինին, նրան նվիրեց իր... գրիչը: Իսկ Պուտինի մտքով էլ չանցավ նման շռայլ սիմվոլիկ ժեստ անել: Վստահ է իր վրա:
Ի դեպ, սիմվոլի մասին: Ռուսաստանցի կանայք չեն թաքցնում, որ Պուտինը մնում է իրենց սեքս-սիմվոլն իր ատլետիկ մարմնակազմով, քանզի Մեդվեդեւը բարձրահասակ չէ եւ մեծ գլուխ ունի անհամաչափ իրանի վրա: Ընդգծվում է, որ եւս մի խորհրդանշանՙ կայսերապետական երկգլխանի արծիվն իրողություն դարձավ: Թեեւ, ինչպես ասվեց, հաստատ չէ, որ նրանք իրար հետ յոլա կգնան: Որպես այս թեմայի շարունակություն, մոսկովյան մի հրատարակություն հռչակել էր նոր ազգային քաղաքական մարզաձեւՙ «Գուշակի՛ր, թե ո՞վ է տան տերը»:
Այս ամենով հանդերձ, արժե հիշատակել, որ նոր կառավարության կազմավորմամբ ռուս ժողովուրդը տոնեց իր նշանակալի հաղթանակներից մեկը: Վերջապես ռուս նացիոնալիստական մտայնության ներկայացուցիչներից մեկըՙ Պուտինի նախագահական աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սեչինը քաղաքական հրապարակային ասպարեզ դուրս եկավ եւ որպես փոխվարչապետ վերահսկելու է երկրի էկոնոմիկայի կարեւորագույն ճյուղերից մեկըՙ էներգետիկան ու պետական խոշորագույն կորպորացիաները:
Հա, չմոռանանք նաեւ, կարելի է ասել, գաղափարաբանական եւս մի կարեւոր նվաճում: Վերջապես կառավարության կազմից դուրս թռավ ռուս նացիոնալիստների ու կոմունիստների անհուն ատելությանն արժանացած «սիոնիստ» Միխայիլ Շվիդկոյը, որը երկար ժամանակ ղեկավարում էր մշակույթի նախարարությունը, իսկ վերջին տարիներինՙ համապատասխան գործակալությունը: Ռուսներն այդպես էլ չներեցին նրա մի հայտարարությունը. «Ռուսական ֆաշիզմը շատ ավելի վատն է, քան գերմանականը»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա