«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2008-05-14 | #92, 2008-05-15 | #93, 2008-05-16


ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի համագործակցության հիմնադրույթներին եւ նշեց, որ ծրագրում ընդգրկված են երեք հիմնական երկրներ: ՆԱՏՕ-ն նաեւ հարաբերություններ է հաստատել միջերկրածովյան պետությունների շրջանակում, որը կոչվում է «Միջերկրածովյան երկխոսություն»: Հարաբերություններ կան նաեւ Միջին Արեւելքի երկրների հետ` «Ստամբուլի համագործակցության նախաձեռնություն» անվամբ: Ըստ Բրանդիսի` ծրագիրը պարտադիր պայմաններ չի դնում անդամակցողների վրա: Հիմնական ռազմական նպատակը հետեւյալն է. ավելացնել գործընկեր երկրների ունակությունները, գործողություններ ծավալել ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում: Գործընկերության ծրագրերի մեջ մտնում են զինվորական եւ քաղաքական նախաձեռնությունները:

Բրանդիսի խոսքերով` Բուխարեստումՙ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ԳՀԽ-ն ընդլայնվեց, որին փորձեց անդամակցել նաեւ Խորվաթիան:

Իսկ Ստամբուլի համագործակցության նախաձեռնությունը 4 երկրների է ի մի բերում, եւ միտված է ընդգրկվելու Միջին Արեւելքում: Արձագանքելով միջազգային ասպարեզում փոփոխվող միջավայրին, Բրանդիսը ընդգծեց, որ դաշինքը հատուկ ուշադրություն է սեւեռում գործընկերների վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանում կայանալիք զորավարժությանը, ապա Բրանդիսը նշեց, որ ստեղծված է մտացածին սցենար, որտեղ ինչ-որ կղզում բռնկվում է զինված բախում եւ ՆԱՏՕ-ն բրիգադով ու գումարտակով պետք է գործողություն ծավալի: Զորավարժության ընթացքում կիրառվելու են թեթեւ տեսակի զինատեսակներ, անվտանգությունն ամբողջովին ապահովված է լինելու:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4