«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի որ հակամարտության կարգավորման ճանապարհին առայժմ ոչ մի արդյունք ձեռք չի բերվել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող որեւէ քայլ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում պատմական հուշարձանների պահպանության նպատակով: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական կազմակերպություն չէ, ուստի եւ ներկա փուլում մենք չենք կարող միջամտել այդ հարցերին: Այդուհանդերձ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես միջազգային կազմակերպություն, ուշադիր հետեւում է գործընթացին», նշել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանն է խոչընդոտում ստուգողական նման ձեռնարկումները, ինչը հայկական կողմին ստիպում է փոխադարձելու: