Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արեցին շարունակել սկսած բարեփոխումները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետՙ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման մասնակիցներին դիմելով, վարչապետը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է ձեւավորել միջազգային չափանիշներով լավագույն բիզնես միջավայր Հայաստանում եւ դրանով իսկ հակադրվել այն մրցակցային սահմանափակումներին, որ գոյություն ունեն մեր երկրում այլ երկրների համեմատ: Քանի որ դրա հետեւանքով շատ բիզնեսներ Հայաստանում ավելի թանկ են, քան տարածաշրջանում, ապա լավագույն բիզնես միջավայր ստեղծելով, պետք է այնպես արվի, որ Հայաստանում բիզնես վարելն ավելի ձեռնտու լինի, քան հարեւան երկրներում:
Տիգրան Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ հարկային վարչարարության կատարելագործման կառավարության նպատակներին: Ըստ նրա, վարչապետին կից ստեղծվելու է հարկային եւ մաքսային բարեփոխումները վերահսկող խորհուրդ, բացի այդ, լինելու է ուղիղ հեռախոսագիծ, որի միջոցով կառավարությունում արձագանքելու են ստացվող դիտողություններին եւ առաջարկություններին: Սակայն վարչապետը կարեւորեց գործարարների աջակցությունը հարկային վարչարարության բարեփոխումներին, առանց որի դրանք հաջողություն չեն ունենա: Համալիր միջոցառումների շարքում նա նշեց նաեւ հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցների սոցիալական վիճակի վերաբերյալ փաթեթի ընդունումը, որով վերջիններիս համար ապահովվելու են բարձր եկաումտներ եւ առաջարկվելու այնպիսի համակարգ, որի դեպքում նրանք ռիսկի չեն գնա կորցնելու իրենց աշխատանքը եւ այլեւայլ քայլերի չեն դիմի: Ներկայումս իրականացվող քայլերը վարչարարության բարելավման ուղղությամբ, ըստ Տիգրան Սարգսյանի, դրական արձագանքներ են ստացել գործարար հանրությունից:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հաստատեց, որ գործարար հանրությունն իրոք ոգեւորված է կառավարության ձեռնարկած քայլերից, բայց ինչ-որ առումով վախվորած է, որովհետեւ չգիտիՙ այդ քայլերը կլինեն ժամանակավոր, թե՞ շարունակելի: «Եթե մի քանի ամիս այդպես շարունակվի, ապա գործարարները կհավատան», ասաց Արսեն Ղազարյանը, ավելացնելով, որ մաքսային բարեփոխումներն այնպիսին են,. որ մոտենում են հավասար հարկային դաշտին: Նա նաեւ առաջարկեց մեծացնել պատասխանատվությունը խախտումների համար եւ որ այդ պատասխանատվությունը պետք է լինի ֆինանսական, ինչպես նաեւՙ հրապարակային: Արսեն Ղազարյանն այն կարծիքը հայտնեց, որ «մենք բոլորս համոզմունք ունենք, թե դժվար է փոխել գործարարի եւ պետական ծառայողի հոգեբանությունը, բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք լավ էլ փոխվում են, եթե լինում է բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք»:
«Հայաստանի վաճառականներ» կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը փոքր բիզնեսի ներկայացուցիչների անունից նույնպես ողջունեց կառավարության քայլերը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրա հավաստմամբ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը չի մնում թղթի վրա եւ կյանքի է կոչվում: Միաժամանակ Ցոլվարդ Գեւորգյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի վրա, ասելով, որ այնտեղ նախատեսված մեծ տուգանքները փոքր բիզնեսին մղում են կաշառք տալու:
DCA ընկերության նախագահ, ՀՀ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի հավաստմամբ, սառույցը կոտրվել է, գործարարները դա տեսնում եւ լսում են ամենօրյա շփումների ժամանակ: «Ճիշտ եք սկսել, հետեւողական եղեք եւ շարունակեք», ասաց Գագիկ Աբրահամյանը, միեւնույն ժամանակ կարեւորելով արտահանման խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելը եւ դրանց վերաբերյալ առանձին քննարկում կազմակերպելը: Ըստ նրա, Հայաստանում որոշ բիզնեսի տեսակներ վարելը դարձել է ոչ ձեռնտու եւ դրանք դուրս են բերվումՙ ընդհուպ աֆրիկյան երկրներ:
Բարձրացվեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին արտոնությունների, հարկային դրույքաչափերի նվազեցման, փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի տարանջատման, հստակեցման եւ այլ հարցեր, որոնց իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նախ նշեց, որ մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է լինի հավասարը հավասարի հետ համագործակցություն: Պետությունը պետք է աջակցի մասնավորին այն ոլորտներում, որոնք հեռանկարային են, բայց պահանջում են մեծ ներդրումներ եւ ռիսկեր, վերցնելով իր վրա ֆինանսավորման եւ ռիսկերի մի մասը, հետագայում բիզնեսից դուրս գալու երաշխիքով:
Ներկայացնելով կառավարության գործունեությունը գնահատելու թիրախները, Տիգրան Սարգսյանը նշեց այն ցուցիչները, որոնք սահմանում են միջազգային տարբեր կառույցները: Դրանք ենՙ բիզնես վարելու, բաց տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների կլանման ունակության ինդեքսները եւ միջազգային վարկանիշային կազմակերպություններիՙ «Ֆիթչի» եւ «Մուդիսի» Հայաստանին տրվող վարկանիշները: Վարչապետն առաջարկեց գործարարներին դրանցով գնահատել կառավարության աշխատանքը, որպեսզի զերծ մնան կառավարության աշխատանքների վերաբերյալ քաղաքական շահարկումներից: Այնուհետեւ, անդրադառնալով գործարարների բարձրացրած հարցերին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ունիվերսալ տարանջատում աշխարհում գոյություն չունի: Հայաստանում, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է ընդունվի մեր մոդելը: Այդ մոդելը կլինի գործարարների եւ կառավարության միջեւ համաձայնեցված տարբերակը:
Հարկային արտոնությունների վերաբերյալ վարչապետն այն կարծիքը հայտնեց, որ ընդհանրապես «դրանք լավ բան չեն» եւ կան այլ գործիքներ խթանելու համար տվյալ ոլորտի զարգացումը: Մասնավորապես, երբ պետությունն ու մասնավորը ազգային ծրագիր են մշակում, որտեղ կողմերը նշում են, թե ով ինչ բեռ է վերցնում եւ պետությունն իր վրա վերցնի ֆինանսավորման խնդրի մի մասը: Ինչ վերաբերում է հարկային դրույքաչափերի նվազեցմանը, ապա հարկային բեռի թեթեւացումը միայն տոկոսադրույքների նվազեցումը չէ: Եթե հարկ վճարողը տարեկան 128 օր է հատկացնում հարկային մարմնի հետ շփվելուն, ապա դա լուրջ ծախս է: Եթե բարդ հաշվետվությունները պարզեցվեն եւ դա տեղի ունենա էլեկտրոնային տարբերակով, ապա, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, դրանով իրական հարկային բեռը կնվազի: Իսկ հարկային դրույքաչափերի բարձրացումը հնարավոր կլինի, երբ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի ցուցանիշը կազմի 25-30 տոկոս, այդ դեպքում հարկային բեռը նվազեցնելու հնարավորություն կառաջանա:
Հանդիպման վերջում Տիգրան Սարգսյանն առաջարկեց գործարարներին 2 շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել գործարարության աջակցման կառավարական ծրագրից բխող ռազմավարության վերաբերյալ եւ քննարկել վարչապետին կից գործարարության աջակցման խորհրդի հաջորդ նիստի ժամանակ: