«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2008-05-14 | #92, 2008-05-15 | #93, 2008-05-16


ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է Ա. Կարապետյանին մայիսի 14-ին հետազոտած բժիշկ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբան Արմեն Գասպարյանը: Ըստ նրա, Ա. Կարապետյանի սրտի միջնապատի սնուցումը խանգարված է, ինչը նրա տարիքի համար վտանգավոր է: Բացի այդ, նա կորցրել է 6,5 կգ քաշ, խանգարվել է նյութափոխանակությունը, ինչի հետեւանքով առաջացել է զարկերակային հիպերտեզիա:

Փաստաբան Հարություն Բարսեղյանի խոսքերով, հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը, մայիսի 14-ին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն` խափանման միջոց կալանքը մեկ այլ` չհեռանալու խափանման միջոցով փոխելու վերաբերյալ: Ասուլիսին ներկա «ՆԺ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ ինքն այսօրվանից գլխավոր դատախազության շենքի մոտ անժամկետ հացադուլ է սկսելու եւ կդադարեցնի Ա. Կարապետյանին մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու եւ նրան ազատ արձակելու դեպքում:

Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հրամանով Արամ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4