«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ՌՈՒՍ ՀԱՐԲԱԾ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԶՈՒԳԴԻԴԻՈՒՄ

Վրաստանը ունի ավելին, քան ՌԴ ՊՆ տեղեկանքո՞ւմ է նշված

Շաբաթ օրը` մայիսի 16-ի երեկոյան, «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության լրատվության համաձայն, առանց վրացական կողմի համաձայնության, Վրաստանի Զուգդիդիի շրջան էին մտել ռուսաստանյան խաղաղապահ ուժերի 42 բեռնատար եւ 6 զրահամեքենա: Ավտոշարասյունը անցել էր Ինգուրի գետի սահմանային կամրջով առանց վրացական կողմի համաձայնության ու շարունակել ընթացքն արդեն Զուգդիդի քաղաքում:

Վրացական հեռուստաընկերության եթերով տարածված կադրերը բավականին խոսուն էին, ռուս խաղաղապահների մասին ասվող «հարբած, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող» որակումները հասկանալի էին հենց ցուցադրվող կադրերից: Ավելին, միջադեպին հետեւող վրացական մի քանի լրատվամիջոցների հարցերին, թե ինչպես են ռուսական մեքենաները հայտնվել Զուգդիդիում, պատասխանները բավականին անիմաստ ու անհեթեթ էին հնչում:

Բացատրություն չտրվեց տեղի ունեցածին այն դեպքում, երբ մի զրահամեքենայից դուրս բերված ռուս զինծառայողներն ակնհայտորեն անհավասարակշիռ վիճակում էին` անգամ չընկալելով իրավիճակը:

Արդեն շաբաթ երեկոյան ձերբակալված էին վեց ռուս խաղաղապահներ, որոնց վերադարձրեցին ռուսական կողմին, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ընդունեց կատարվածը: Վրացական աղբյուրների համաձայն, դեռեւս 16 խաղաղապահներ մնում են ձերբակալված` տեղի բնակչությանը վիրավորանքներ հասցնելու համար:

Միայն երեկ ռուսական զրահամեքենաներն ու բեռնատարները դուրս են բերվել Զուգդիդիից` վրացական կողմի պահանջով եւ ՄԱԿ-ի առաքելության հսկողությամբ:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ցուցադրված կադրերում առանձնանում էր վրացական կողմի ոստիկանական ուժերի վերաբերմունքը ռուս զինծառայողներին այն պարզ համադրությամբ, որ կարելի էր ենթադրել Վրաստանի սպառազինության մասին ռուսական հետախուզական տվյալների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում մայիսի 15-ին հայտնված տեղեկանքի «ոգեւորիչ» ազդեցությունը:

Իսկ տեղեկանքում, մասնավորապես, որոշակի մանրամասնությամբ թվարկված են Վրաստանին վերջին տարիներին նվիրատվության կարգով կամ ձեռքբերմամբ անցած ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի տեսակները, քանակները` ըստ տարբեր երկրների: Զինամթերքի ու զինտեխնիկայի թվարկումն ընդհանուր առմամբ տպավորիչ է, թեեւ այդ տպավորության ազդեցությունը լավատեղյակների համար այնքան էլ մեծ չի կարող լինել, քանի որ ընդհանուր ներկայացված թվարկման մեջ ընդգրկված են տարբեր տարիների ընթացքում հավաքված տեսակներ:

Առավել հետաքրքրական է, որ ռուսաստանյան կողմի նման հրապարակմանը Վրաստանն անմիջապես արձագանքեց աքլորակեցվածքով, իբր ՌԴ հրապարակածը եղածի կեսն էլ չէ: Եվ եթե հայտարարությունը նման կերպ է արվում, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչպես է Վրաստանը տնօրինում ավելին, երբ արդեն իսկ ՌԴ հրապարակած ցուցակում որոշ զինտեխնիկայի առումով գերազանցված են Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի սահմանափակումները, օրինակ, տանկերի թվով: Հարավկովկասյան երկրների համար այդ սահմանափակումը 200-ն է, մինչդեռ եթե վրացական կողմը ընդունում է ռուսական կողմի տվյալներն ու մի բան էլ ավելի, ապա ՌԴ ՊՆ տեղեկանքում արդեն իսկ գրանցված է 206 տանկ:

Ինչեւէ, առավել կարեւոր է, որ վերջին օրերի հուսադրող միակ տեղեկությունը, թե Աբխազիան եւ Վրաստանը որոշակի համաձայնության էին եկել, երեկ միանգամից հերքվեց` իրավիճակի կարգավորման հարցը դարձյալ թողնելով անորոշության մեջ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4