«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


TUSIAD-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Նպատակը «Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության հայ հպատակներին առնչվող իրադարձությունների» քննարկումն է

Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միությունը` TUSIAD-ը ակտիվ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, բազմապիսի կապերը նրան այդ հնարավորությունն ապահովում են հատկապես ԱՄՆ-ում: Միությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված, սակայն գլխավոր ասամբլեայի օրակարգում դեռեւս չընդգրկված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ զեկույց պատրաստելու համար պայմանավորվել է ամերիկացի իրավաբան Դեյվիդ Սալցմանի հետ:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացված թիվ 106-րդ բանաձեւի իրավական եւ փաստացի թերությունները» վերնագրով Սալցմանի պատրաստած զեկույցը հրապարակվել է մայիսի 16-ին, «Թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմքերը 21-րդ դարում» վերնագրով Վաշինգտոնում հրավիրված համաժողովում: Զեկույցի առնչությամբ, ինչպես մայիսի 17-ին նշել էր «Զամանը», նույն օրը հաղորդագրություն է տարածել TUSIAD-ը, տալով որոշակի պարզաբանումներ:

Հաղորդագրության համաձայն, Սալցմանի զեկույցի նախաբանը գրի է առել միության գործադիր խորհուրդը, մատնանշելով, որ միությունը պատրաստվում է հանդես գալ «Առաջին համաշխարհային տարիների Օսմանյան կայսրության հայ հպատակներին առնչվող իրադարձությունների քննարկման» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ: Միաժամանակ ընդգծվել է, որ իրադարձությունների շուրջը տարաձայնություններն ու դրանց քննարկումների ծայրահեղ քաղաքականացումը բացասաբար են անդրադառնում դաշնակից երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա եւ ընդարձակում են Արեւմուտքի դեմ թուրքական հասարակության հակազդեցության ոլորտը:

Զեկույցի նախաբանում, ըստ «Զամանի», գրված է. «Այս հարցում համաշխարհային հասարակական կարծիքը ելնում է միակողմանի մոտեցումից: Փաստերի ոչ օբյեկտիվ գնահատման, հակափաստարկների մերժման եւ իրադարձությունների պատմական հենքի անտեսման պատճառներով առկա մոտեցումները շարունակական են դառնում: Գրաքննության են ենթարկվում նրանք, ովքեր հանդգնում են քննադատել իրադարձությունների քմահաճ մեկնաբանությունը: Նման իրավիճակում «ժխտողի» պիտակ կրող ուսումնասիրողները դառնում են բռնության թիրախ, ենթարկվում ֆիզիկական հաշվեհարդարի»:

Ինչ վերաբերում է զեկույցի բուն տեքստին, ապա այնտեղ էլ մատնանշված է. «Երբեւէ չի ձեւավորվել իրավաբանական այն տեսակետը, որը 1915-ի ողբերգական իրադարձությունները որպես «ցեղասպանություն» բնութագրելու հիմք լիներ: Հայերի տեղահանությանը եւ դրան զուգորդած բռնություններին առնչվող պատմական վավերագրերին, հայ համայնքի ապստամբություններին եւ բնակչության թվի կրճատմանն առնչվող հարցերը Թուրքիայում ամենայն թափանցիկությամբ քննարկում է թուրք հասարակությունը: Դրական այս զարգացումը վտանգի տակ է դրվել պատմության քաղաքականացման պատճառով: Այս պայմաններում անհնար է պատմական ճշմարտության բացահայտումը, ոչ էլ հնարավոր է նորմալացնել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները: Սա ընդամենը նոր թշնամանք կսերմանի եւ ավելի մեծ ատելություն կառաջացնի երիտասարդ սերունդների մեջ: Թուրքերն ու հայերը շուրջ 1000 տարի միասին գոյակցել են, ունեն ընդհանուր պատմություն, մշակույթ եւ կենցաղային սովորույթներ: Նրանք համատեղ կիսել են այն հողը, որի հետ սիրով կապված են եղել: Մենք պարտավոր ենք մեր հասարակական գիտակցության մեջ վառ պահել ողբերգության պատճառով զոհվածների հիշատակը, ընդունել, որ այլեւս չկա համատեղ այդ գոյակցությունը եւ սգալ կորուստների համար: Սակայն պետք է զերծ մնալ նաեւ պատմությանը միակողմանի մոտենալու եւ մի ամբողջ ազգի մեղադրելու դրսեւորումներից»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4