Ո՞վ է ասելիքն ընտրող-ներկայացնողը
Կոմպոզիտորներ Արամ Սաթյանն ու Լեւոն Չաուշյանն էին երեկ «Հայելի» ակումբում ներկայացնում «Մշակույթ» հեռուստաալիքի իրենց տեսլականը: Այն պետք է լինի արվեստի բոլոր ուղղությունների բարձրաճաշակ դրսեւորումները ներկայացնող եւ իրականությունից չկտրված, քանի որ ահռելի դերակատարություն կարող է ունենալ մշակույթի` ոչ միայն որպես արվեստի դրսեւորում, հղկման հարցում: Այդպիսին լինելու նախադրյալները հեռուստաալիքն, ըստ արվեստագետների, ունի. ստեղծվել ու այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, սակայն անգամ կոնսերվատորիայի ուսանողը զարմանալիորեն խուսափում է ժամանակակից հայ կոմպոզիտորի գործ կատարել: Մինչդեռ ժամանակակից հայ կոմպոզիտորն անգործ չէՙ ստեղծագործում է նաեւ պատվերներ ստանում տարբեր երկրներից:
Հայաստանում կոմպոզիտորին պատվեր տալու դեպքերը սակավ են եւ համագործակցությունն էլ պատվիրատուն չի հիմնում պրոֆեսիոնալ սկզբունքների վրա, այլ նախընտրում է շուկայական, լայն սպառման (ՔՌՐտՏՑՐպո) մակարդակին տուրք տալ: Արդյունքը, բանախոսների տեսակետից սիրողական, ինքնագործ, գռեհիկ այն մակարդակն է, որով հեղեղված է հայրենական հեռուստաեթերը:
«Չնայած ունենք էստրադային բավական բարձրամակարդակ դպրոց ու խիստ ինքնատիպ ստեղծագործողներ, սակայն դրանից օգտվելու փաստեր չկան: Այսօրվա էստրադայում, որ ընդամենը պոպ (տՏտցսÿՐվՈÿ) երաժշտություն է, զրկվել է մեղեդայնությունից, դարձել անվերարտադրելի եւ հիմնականում անհաջող կրկնօրինակումների շարք», կարծիք հայտնեց Արամ Սաթյանը: Նա նաեւ նշեց, որ դասավանդելով կոնսերվատորիայում, շատ հաճախ ստիպված է լինում ուսանողին իրական գնահատականի չարժանացնել, քանի որ նրանցից շատերն ուղղակի հասցրել են «աստղի կոչում» ստանալ, բայց մասնագիտության մեջ անգրագետ են:
«Լուրջ, պրոֆեսիոնալ երաժշտության ասպարեզում Հայաստանը աշխարհին հասկանալի լեզվով ծանրակշիռ ասելիք ունի այսօր էլ, բայց դասականությունը հետ է մղվել մեր երկրում: Իսկ պրոֆեսիոնալը, բարձրարժեքը հիմնականում պատվերով է ստեղծվում, հատկապես որ մեզ մոտ շուկան դասականի առջեւ համարյա փակ է», փաստեց Լեւոն Չաուշյանը, անդրադառնալով նաեւ կոմպոզիտորների աշխատանքի լիովին չհամակարգվելուն: Ինչը ե՛ւ մշակույթի նախարարության, ե՛ւ կոմպոզիտորների միության իրականացնելիք խնդիրն է, բայց համարյա առկախ է: Կոմպոզիտորների միությունը, Արամ Սաթյանի հավաստմամբ, 5 տարի համագումար էլ չի արել, չնայած համաձայն կանոնադրության 2 տարին մեկ պիտի լիներ այդ կազմակերպության համագումարը: Վերջին 17 տարիներին ընդամենը 2 կոմպոզիտոր է կոչման արժանացել:
Մինչդեռ նախարարության եւ միության լիարժեք ու նպատակամղված գործունեությամբ կարող էին լուծվել պրոդյուսերների եւ գործակալների բացակայությունից ծագող խնդիրները եւ հայաստանյան մշակութային դաշտից իրական ստեղծագործողների դուրս մնալն այսօր փաստ չէր լինի կամ այլՙ նվազ չափեր կունենար: Ստեղծագործողը չի կարող մնալ կողքից նայողի կարգավիճակում, սակայն նրա համար չէ նաեւ անօգուտ քննադատողի դերը եւ մեր իրականությունում մնում է անհայտ, չնայած դրսում պահանջված լինելուն, եւ լոկալ հասարակական գործունեության շրջանակներում: Սա էր բանախոսների գնահատականը մերօրյա իրականությանը, որում, ըստ նրանց, չէին լինի մարտյան դեպքերը, եթե ունենայինք մշակույթ` որպես համակարգ:
«Չգիտես ինչու, մեծ ոգեւորությամբՙ համարյա ազգային հարցի մակարդակում ենք անդրադառնում «Եվրատեսիլին», որը նույն Եվրոպայում բավական աննկատ անցնող միջոցառում է: Ու համոզում են մեզ, թե պահանջը հենց այն է, ինչ ներկայացվում է», ասաց Լեւոն Չաուշյանը հիշատակված մրցույթին ու Հայաստանի մասնակցությանն անդրադառնալով եւ հավելեց, որ երկրի ասելիքը շատ ավելի հեղինակավոր մրցույթներում է առաջնային համարվում, բայց մնում է հայաստանյան հանրությանը չներկայացված:
Արամ Սաթյանի գնահատականով, Սիրուշոն տվյալներ ունեցող երգչուհի է, սակայն երգը հարկավոր էր ստեղծել-ընտրել կազմակերպված մրցույթով, որին մասնակցելը պրոֆեսիոնալն էլ արժանապատիվ համարեր. «Այսկերպ ականատեսն ենք մեկ մարդու ճաշակի եւ ընտրության, ընդ որում, ոչ միայն այս մրցույթի հարցում»: Մեկ մարդ ասելովՙ կոմպոզիտորը, հավանաբար, նկատի ուներ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ