«Հիշում եմՙ ֆիլմի պրեմիերայից հետո դահլիճում տիրում էր քար լռություն: Հետո զինվորներից մեկը մոտեցավ, ձեռքս սեղմեց ու ասաց. «Շնորհակալ եմ, հիմա հասկացա, թե ինչի համար եմ կռվել»: Այս խոսքերն ինձ համար ամենաթանկ գնահատականն են», ասում է ռեժիսոր Շավարշ Վարդանյանը, որը 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր, իսկ Արցախյան պատերազմի տարիներին հայ ժողովրդի հերոսականությունն ու հաղթական ոգին ապագա սերունդներին պատմելու համար նկարահանում էր Խոջալուի, Շահումյանի, Շուշիի ազատագրական մարտերը:
«Ուրիշները զենք էին վերցնում պատերազմ գնալու համար, իմ զենքն էլ տեսախցիկն էր»: 2000-ին նկարահանված «Թիրախ» ֆիլմում Շավարշ Վարդանյանը վավերագրողի ու պատերազմի մասնակցի հայացքով է մեկնաբանում Արցախյան գոյամարտը: Երեկ «Թիրախը» ցուցադրվեց Ազգային գրադարանում:
Թվում է, թե ֆիլմն ինքնակենսագրական է, սակայն մտավորականի հուշերի ֆոնի վրա ներկայանում է պատերազմի դաշտըՙ պատերազմի արհավիրքը եւ նոր կյանքի կոչովՙ հերոսի ամուսնությունը որպես ֆիլմի ավարտ:
Շավարշ Վարդանյանը նկարահանել է Շուշիի ազատագրական մարտերը, սակայն Խոջալուի օդանավակայանի հրդեհի ժամանակ տեսագրություններն այրվեցին: «Ամենուր կրակ էր, ծուխ: Շավարշը վիրավոր ընկած էր գետնին ու բղավում էրՙ տեսաերիզները: Այդ պահին հասկացա, որ այդ մեծ մարդու մեջ ինչ-որ բան կոտրվեց», ֆիլմում հիշում է հրապարակախոս Զորի Բալայանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ