Եկեղեցու շուրջը կառուցվող պարիսպն անօրինական է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Թբիլիսիի Ս. Նորաշեն հայկական եկեղեցու վրացականացման առնչությամբ իրավիճակն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել: «Ազգը» դեռեւս շաբաթ օրվա` մայիսի 17-ի համարում անդրադարձել էր վրացի քահանա տեր Թարիելի կողմից Ս. Նորաշենի զավթման փորձին, ներկայացնելով նաեւ Վիրահայոց թեմի ու Վրաստանում Հայաստանի դեսպանատան ձեռնարկած քայլերը:
Մասնավորապես, Վիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն էր հայտնել Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ ոտնձգության կապակցությամբ: 15-րդ դարի կեսերին կառուցված Ս. Նորաշենը 20-րդ դարի 30-ականներին, ի թիվս այլ կրոնական կառույցների, փակվեց եւ դարձվեց գրքերի պահեստ: Վրաստանում անկախության հռչակումից հետո երկրի կառավարությունը չվերադարձրեց եկեղեցին օրինական, պատմական սեփականատիրոջը:
Վերջին օրերին տեր Թարիելն ու նրան ենթակա մի խումբ մարդիկ Ս. Նորաշեն եկեղեցին ու հարող տարածքները անջրպետող երկաթյա պարիսպ էին քաշում` վրաց եկեղեցուն հատուկ կրոնական տարրերով: Ինչպես տեղեկացավ «Ազգը» Թբիլիսիում գտնվող Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից, ի պատասխան առաջնորդարանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատան մտահոգության, արդեն մայիսի 18-ին վրաց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մամուկա Ախվլեդիանին հայտարարել է քառակողմ հանդիպում ձեռնարկելու մտադրության մասին:
Հայ եւ վրաց եկեղեցիների, քաղաքապետարանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Թբիլիսիի փոխքաղաքապետի առաջարկությամբ, կարող են քննարկել Ս. Նորաշենի շուրջը բարձրացված պարսպի հետագա ճակատագիրը: Ամեն դեպքում, քաղաքապետարանն ընդունում է, որ վրացական կրոնական սիմվոլիկայով պարիսպն անօրինական կառույց է, որի իրականացման համար վրաց քահանա Թարիելը դիմել է դեռեւս մեկ տարի առաջ ու մերժում ստացել:
Վիրահայոց թեմն այս ամենը դիտարկում է որպես վրացական կողմից Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ կնքված Թբիլիսիի 5 եկեղեցիների, այդ թվում` Նորաշենի, պատկանելության հարցը քաղաքակիրթ լուծելու մասին ձեռք բերված համաձայնության խախտում: Միեւնույն ժամանակ, «Ազգի» աղբյուրների համաձայն, Թարիելի գործողություններից անտեղյակ լինելու մասին են խոսում նաեւ վրաց պատրիարքարանից:
Վիրահայոց թեմը գրավոր դիմել է վրաց եկեղեցուն եւ համապատասխան պետական կառույցներին, որոնք այսօրինակ գործողությունը կանխելու համար որեւէ քայլ չեն ձեռնարկել: Քաղաքապետարան ուղարկված նամակին, վրացական օրենսդրության համաձայն, քաղաքապետ Գիգի Ուգուլավան կարող է պատասխան տալ մեկ ամսվա ընթացքում: Անարձագանք է մնում նաեւ վրաց օմբուդսմենին ուղարկված նամակը: Դրա փոխարեն կիրակնօրյա պատարագին առաջնորդանիստ Ս. Գեւորգ եկեղեցի այցելած հավատացյալներն իրենց զայրույթն են հայտնել Ս. Նորաշենի վրացականացման փորձի առնչությամբ, բայց ոչինչ ավելին:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հենց Ս. Նորաշենին առնչվող խնդրի քննարկման նպատակով Էջմիածնում երեկ հատուկ նիստ էր գումարվել, որին մասնակցում էր նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: