«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ՎԻՎԱՍԵԼԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Բոլորովին վերջերս «Սթար» ընկերությունը դարձել էր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գլխավոր հովանավոր: Եվ ահա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն էլ պաշտոնական հովանավոր ունեցավ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՎիվաՍելի ՄՏՍ ԲԲԸ դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ՎիվաՍելը հռչակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր: Պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ տարեվերջ: Այդ ընթացքում ՎիվաՍելը 102 մլն դոլար կփոխանցի: Ի դեպ, անդրադառնալով «Սթար» ընկերության հետ կնքած պայմանագրի գումարը չհրապարակելու առիթով իր հասցեին որոշ լրատվամիջոցներում հնչած մեղադրանքին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ դա ընկերության նախագահի խնդրանքն էր (ըստ որոշ աղբյուրների, «Սթարի» հետ կնքվել էր 50 հազար դոլարի պայմանագիր):

Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ՎիվաՍելի տնօրենից հավաքականին աջակցելու համար եւ ընկերության անվանումով ՀՀ հավաքականի մարզաշապիկ նվիրեց նրան: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ֆուտբոլը մեծ ներդրումներ պահանջող մարզաձեւ է եւ հույս հայտնեց, որ մյուս կազմակերպություններն էլ ցանկություն կունենան նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Ռալֆ Յիրիկյանը վերհիշեց անցած դարի 70-ական թվականները, երբ ինքը դեռեւս երեխա էր եւ հայրն իրեն ոգեւորված պատմում էր «Արարատի» հաջողությունների մասին: Եվ ահա տարիներ անց ՎիվաՍելի դուստր ձեռնարկության գլխավոր տնօրենին բախտ է վիճակվել ֆինանսական աջակցություն ցույց տալ հայկական ֆուտբոլին: Նա նշեց, որ թիկունք պետք է կանգնել մեր հավաքականին, որից առաջիկայում հաղթանակներ է ակնկալում եւ հավատացած է, որ մեր ընտրանին նվաճումների կհասնի: Ի դեպ, ՎիվաՍելը ներկայում «Ուլիսի» հովանավորներից է:

Պատասխանելով «Ազգի» հարցերին, պարոն Հայրապետյանը նշեց, որ թեեւ մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականին ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել, սակայն թիմի առջեւ խնդիր է դրվել գրավելու առաջին տեղը եւ մտնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչՙ հաշվի առնելով, որ մրցաշարն անցկացվելու է Հայաստանում: Ինչ վերաբերում է Մարկոսին, ապա բրազիլացի ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու թույլտվության հարցը դրական լուծում է ստացել եւ նա կմասնակցի Մոլդովայի ու Հունաստանի հավաքականների հետ կայանալիք ընկերական մրցախաղերին: Ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ ուժի մեջ է իր խոստումըՙ 5000 դոլարով պարգեւատրել ՀՀ հավաքականում 100 խաղ անցկացրած ֆուտբոլիստին: Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ այս տարի նման ցուցանիշի կարող է հասնել ՀՀ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որն անցկացրել է 96 խաղ: Նա կլինի առաջինը, որ կհատի 100 խաղի սահմանագիծը ՀՀ հավաքականում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4