Ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հաղթանակով ավարտվեց Սոֆիայի շախմատի 4-րդ մրցաշարը: Իվանչուկը գերազանց ելույթ ունեցավ` 10 հնարավորից վաստակելով 8 միավոր: Նա միակն էր, որ մնաց անպարտելի` տոնելով 6 հաղթանակ, չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի: 9-րդ տուրում Իվանչուկը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Լեւոն Արոնյանի հետ, իսկ ավարտական տուրում սեւերով հաղթեց Իվան Չեպարինովին:
Իսկ ահա Լեւոն Արոնյանը չափազանց անհաջող հանդես եկավ Սոֆիայում` 3 միավորով եզրափակելով աղյուսակը: Վերջին տարիներին սա Արոնյանի ամենավատ ելույթն էր: Դժվար է հիշել որեւէ այլ մրցաշար, որում Արոնյանին այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ հաղթանակ տոնել: Սոֆիայում անցկացրած 10 պարտիաներից եւ ոչ մեկում հայ գրոսմայստերը չճաշակեց հաղթանակի քաղցրությունը: Նույնիսկ ավարտական տուրում, մրցաշարի հետնապահ Բու Քսյանջիի հետ պարտիայում, Արոնյանին չհաջողվեց հաղթել: Գրանցվեց ոչ-ոքի: Իսկ Քսյանջին 9-րդ տուրում հաղթելով Թոփալովին, միավորներով հավասարվեց Արոնյանին, սակայն լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նրան ու զբաղեցրեց 5-րդ տեղը: Արոնյանը 6 պարտիա ավարտեց ոչ-ոքի, չորսում (Իվանչուկին, Թոփալովին` երկու անգամ, Ռաջաբովին) պարտվեց:
6,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Վեսելին Թոփալովը: Վերջին տուրում նա ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, որը 5,5 միավորով ցույց տվեց 3-րդ արդյունքը: Չեպարինովը 4 միավորով 4-րդ տեղում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ