Օկլահոմայի նահանգի Տուլսա քաղաքում մեկնարկել է շախմատի ԱՄՆ-ի հերթական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարի 24 մասնակիցների թվում է Վարուժան Հակոբյանը: Կանանց չեմպիոնուհու տիտղոսը վիճարկող 10 շախմատիստուհիների թվում են Տաթեւ Աբրահամյանը, Կատերինե Ռոհանյանը եւ Շուշանիկ Հայրապետյանը:
Մրցաշարում արդեն անցկացվել է 6 տուր: Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 3,5 միավորով բաժանում է 5-11-րդ տեղերը: Առաջին երկու տուրերում հայ շախմատիստը հաշտություն կնքեց Դեյան Իպոլիտոյի եւ Ջես Կրայի հետ, ապա հաղթեց Դմիտրի Գուրեւիչին: 4-րդ տուրում Հակոբյանն անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Սերգեյ Կուդրինին: Հաջորդ երկու տուրերում նա նախ ոչ-ոքի խաղաց Ալեքս Երմոլինսկու հետ, ապա պարտության մատնեց Դանիել Լուդվիգին: 5 միավորով աղյուսակը գլխավորում է Յուրի Շուլմանը: 4-ական միավոր ունեն Սերգեյ Կուդրինը, Խուլիո Բեսերան եւ Ալեքսանդր Օնիշչուկը:
Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիներից առայժմ լավագույն արդյունքն ունի Տաթեւ Աբրահամյանը, որը վաստակել է 4 միավոր: Կատերինե Ռոհանյանն ունի 3,5 միավոր, իսկ Շուշանիկ Հայրապետյանի օգտին առայժմ մեկ միավոր է գրանցված: Առաջատարը Աննա Զատոնսկին է, որը հաղթանակով է ավարտել բոլոր 6 պարտիաները: Մեր երեք շախմատիստուհիներին էլ Զատոնսկին հաղթել է: Տաթեւ Աբրահամյանը առաջատարին պարտվեց 5-րդ տուրում: Դա նրա 2-րդ պարտությունն էր: Առաջինը նա կրել էր մեկնարկային տուրում, Իրինա Կրաշից: Մյուս պարտիաներում Տաթեւը հաղթել է Տսագան Բատսեթսեգին, Իրինա Զենյուկին, Շուշանիկ Հայրապետյանին եւ Կատերինե Ռոհանյանին: Առաջատարին կես միավորով զիջում է Իրինա Կրաշը: Տաթեւ Աբրահամյանը 3-րդ տեղում է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ