Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չեղյալ է համարել մայիսի 16-ին հայտարարված մրցույթը, որը պետք է ի հայտ բերեր Դմիտրի Կիրիլովի եւ Վախթանգ Դարչինյանի մենամարտի կազմակերպչին: Պատճառն այն է, որ բռնցքամարտիկների ներկայացուցիչները համաձայնության են եկել մենամարտն անցկացնելու օգոստոսի 2-ին, Լաս Վեգասում, ինչպես որ վճռել էին նախապես:
Դմիտրի Կիրիլովը առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել էր անցյալ տարվա հոկտեմբերին` հաղթելով Խոսե Նավարոյին: Այս տարվա փետրվարին նա Սեսիլիո Սանթոսի հետ մենամարտում հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի տիտղոսը:
Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում իր միակ պարտությունը կրելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներից, զրկվեց թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսից: Այժմ նա հանդես է գալիս առաջին թեթեւագույն քաշում եւ պատրաստվում է հաջողության հասնել աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Կիրիլովի նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ