«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2008-05-17 | #95, 2008-05-20 | #96, 2008-05-21


ՄԱՅԻՍԻ 19-Ը ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Մայիսի 19-ը հեպատիտների իրազեկման համաշխարհային օրն է: Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են ներկայացնում, որոնք առավելապես առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի են հեպատիտների տարբեր տեսակներ առաջանող 5 վիրուս` հեպատիտ A, B, C, D E: Վիրուսային հեպատիտ` A-ն եւ E-ն կամ ինչպես ընդունված է կոչել դեղնախտը, դասվում է էնտերալ, այսինքն բերանաաղիքային ճանապարհով անցնող հեպատիտների թվին: Տարածվում է սննդի, ջրի, սպասքի, այլ կենցաղային իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր միջոցառում նվիրված հեպատիտի իրազեկման համաշխարհային օրվան, որի ընթացքում մանրամասն բացատրություններ տրվեցին հիվանդության վարակի ու նրա դեմ տարվող աշխատանքների մասին: ՀՀ պլանային պատվաստումների ազգային օրացույցի համաձայն կյանքի առաջին պատվաստումները կատարվում են ծննդատանը, երեխայի ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում, այդ պատվաստումներից է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը: Ծննդատնից դուրս գրվելուց հետո երեխան շարունակում է պատվաստվել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, հեպատիտ Բ-ի դեմ` 1,5 եւ 6 ամսականում: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ B վիրուսին, իսկ 350 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկական ցմահ վարակակակիրներն են: Քրոնիկական B հեպատիտի եւ վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում:Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքերով ամենամտահոգիչն այն է, որ աշխարհում տարեկան այս հիվանդությունից գրանցվում է մոտ 1 մլն մահացության դեպք: 1999-ին երկրում գրանցվել է ընդհանուր հեպատիտների 3207 դեպք, իսկ 2007-ին` 1060:C հեպատիտով ամեն տարի վարակվում է շուրջ 3-4 մլն մարդ: C հեպատիտին հատկապես բնորոշ է քրոնիկ վարակի զարգացումը: B եւ C հեպատիտների քրոնիկ ընթացքի դեպքում հաճախ հիվանդության ախտանիշները բացակայում են եւ առողջ վարակակիրները չիմանալով իրենց հիվանդության մասին կարող են ուրիշներին վարակել: Հաճախ հիվանդության նշանները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել են կյանքին սպառնացող բարդություններ: B եւ C հեպատիտների ծանրագույն բարդություններից են լյարդի ցիռոզը եւ առաջնային քաղցկեղը:B եւ C հեպատիտների տարածման հիմնական գործոնը արյունն է եւ դրան փոխարինող նյութերը : A,B,C հեպատիտներով վարակման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ վաղ սկսած բուժմամբ կարելի նվազեցնել լյարդի հիվանդությունների ծանր ձեւերի զարգացման հավանականությունը:B եւ C հեպատիտների փոխանցման ուղիներին իրազեկ լինելով, յուրաքանչյուր ոք կարող է ապահովագրել իրեն այդ վարակներից` խուսափելով թմրամոլությունից, անկանոն սեռական շփումներից, առանձնացնելով անձնական հիգիենայի առարկաները եւ այլն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4