Ազգային փոքրամասնությունները «սիրահարվա՞ծ» են իշխող կուսակցությանը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Կարեւոր չէ, թե ինչպես են քվեարկում, այլ թե ինչպես են հաշվում: Այս խոսքերը հեղինակել է «Մեծն» Ստալինը, ու ցավոք դեռ երկար ժամանակ պիտի հղում արվի նման արտահայտությանը, քանի որ մեր իրականությունը, ինչպես եւ հարեւան Վրաստանի, ընտրական գործընթացների առնչությամբ հեռուն չի գնացել: Վստահաբար չի կարելի ասվածը պնդել ողջ Վրաստանի համար, բայց որ դա իրականություն է ազգային փոքրամասնությունների պարփակ բնակության շրջաններում` փաստում են նույն պաշտոնական, թեկուզ եւ նախնական տվյալները: Հիշեցնենք, որ մասնավորապես հայաբնակ շրջաններում թեեւ մասնակցության պաշտոնական նախնական տվյալն ավելի քան 45 տոկոս է եղել, բայց, «Ազգի» տվյալներով, քվեարկությանը մարդկանց մասնակցությունը առավել քան պասսիվ է եղել:
Ըստ վրաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ հրապարակած նախնական տվյալների, հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ախալքալաքի շրջանում ընտրության մասնակիցների 91,99 տոկոսը «քվեարկել» է իշխող կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» օգտին, իսկ միացյալ ընդդիմությունը ստացել է ձայների 0.83 տոկոսը: Նինոծմինդայի շրջանում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 89,28 տոկոսը` միացյալ ընդդիմության 1,63 տոկոսի հարաբերակցությամբ: Քվեմո Քարթլիի տարածաշրջանի մեջ մտնող հայաբնակ Ծալկայի շրջանում իշխանությունը ստացել է ընտրողների 71,3 տոկոսի աջակցությունը, իսկ միացյալ ընդդիմությունը` 15,85:
Այս երեք շրջաններում էլ ընդդիմադիր կուսակցությունները չունեին մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ: « Ազգն » արդեն տեղեկացրել է, որ Ծալկայում առաջադրված Հայկ Մելթոնյանի թեկնածությունը ընդդիմադիր դաշինքը հանել էր դեռեւս մայիսի 6-ին:
Պատկերն, ըստ ԿԸՀ-ի, քիչ տարբեր է եղել ադրբեջանաբնակ շրջաններում, թեեւ լիուլի տեղավորվում է «ստալինյան ճշմարտության» տրամաբանության մեջ: Մասնավորապես, ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում իշխող կուսակցության համար, ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, քվեարկել է ընտրողների 82,39 տոկոսը` ընդդիմության օգտին տրված 6,88 տոկոսի դիմաց: Գարդաբանի շրջանում Միացյալ ազգային շարժումը ստացել է 69,98 տոկոս, երբ ընդդիմության մասին տվյալը կազմում է 9,83 տոկոս: Ադրբեջանաբնակ Բոլնիսի շրջանում, որտեղ կան նաեւ հայկական գյուղեր, իշխանության կուսակցությունը ստացել է ձայների 75,3 տոկոսը, միացյալ ընդդիմությունը` 8,85:
Դժվար, շատ դժվար է հասկանալ Վրաստանի ԿԸՀ-ի թեկուզ նախնական, բայց այսօրինակ ձեւակերպման տվյալները այն պարզ պատճառաբանությամբ, որ վրացական իրականությունը լի է ազգային փոքրամասնությունների դժգոհություններով ու դրանց առնչվող խնդիրներով: Եվ առնվազն տարօրինակ է, որ դժգոհող ազգային փոքրամասնությունները գրեթե բացարձակ «աջակցում են» իշխող կուսակցությանը, որին էլ, ըստ էության, ուղղված, հասցեագրված են փոքրամասնությունների խտրականություններին առնչվող խնդիրները:
Նոր տիպի հանրահավաքներ` ֆուտբոլային խաղի, տեսահոլովակների դիտմամբ
Ընտրական ընդհանուր պատկերի առնչությամբ կարելի է ասել, որ վրաց ընդդիմությունը ոչ թե համակերպվել է իրավիճակին, այլ ակտիվ բանակցությունների մեջ է: Դեռեւս քվեարկության օրը` մայիսի 21-ի ուշ երեկոյան միացյալ ընդդիմությունը հավաք անցկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի հարեւանությամբ: Հավաքն, ըստ վրացական չափանիշների, այնքան էլ նման չէր դրան, քանի որ սկսվեց մեծ էկրանի վրա «Չելսի»-«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային հանդիպման ցուցադրությամբ, որ ընդդիմադիր մի քանի լիդերների խոսքից հետո վերածվեց կինոդիտման:
Իսկ դիտում էինք ընտրախախտումների այնպիսի ձայնագրություններ, որոնց հավաքված 4-5 հազար ներկաները համատարած ծիծաղով էին արձագանքում: Ընդ որում, այդ տեսագրությունները մեծապես վերաբերում էին ադրբեջանաբնակ վայրերում քվեախցիկների բազմամարդությանը, ուրիշների փոխարեն քվեարկություններին, մատնանշման հատուկ հեղուկի փոխարեն մարդկանց ձեռքերին ջուր ցանելու միջոցով բազմակի քվեարկություն անցկացնելու դրվագներին:
Երեկ վրացական ընդդիմությունը հայտարարել էր միանգամից երկու վայրում անցկացվելիք ցույցերի մասին: Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ, Ռուսթավելի պողոտայում վրաց լեյբորիստների կազմակերպած հանրահավաքին մասնակից էին ընդամենը մի քանի հարյուր մարդ, իսկ խոսակցությունները երեկ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարեւանությամբ սկսված հանրահավաքն այսօր շարունակելու մասին չիրականացան: Սակայն հեռուստաեթերից ու կայքէջերում ստացվող տեղեկություններն ու գնահատականները թույլ են տալիս ենթադրել, որ վրաց ընդդիմադիր մի քանի ուժերը, որ տարբեր քանակությամբ ձայներ են հավաքել, բանակցում են հնարավոր դաշինքի շուրջը:
Ինչեւէ, օրավարտին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում էր նախնական տվյալները ոչ միայն մասնակցության առնչությամբ, այլեւ քվեարկության արդյունքների: Ըստ այդմ, մասնակցությունը մայիսի 21-ի խորհրդարանական ընտրություններին կազմել է մոտ 55 տոկոս: Ընտրատեղամասերի ընդհանուր թվի մոտ 67 տոկոսը տվյալների մշակման հիման վրա Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց նաեւ քվեարկության արդյունքների նախնական տվյալներ, որոնց համաձայն առաջին տեղում իշխող Միացյալ ազգային շարժում կուսակցությունն է` ավելի քան 59 տոկոս ձայներով: Երկրորդ տեղում ութ կուսակցությունների միավորում Միացյալ ընդդիմությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 16.5 տոկոսը:
Նախնական տվյալների համաձայն, այս ընտրությունների հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել են նաեւ Վրաստանի լեյբորիստները եւ մի քանի ամսվա պատմություն ունեցող Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը: Լեյբորիստների օգտին քվեարկել է ընտրողների մոտ 7 տոկոսը: Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 8 տոկոսը: Այս կուսակցությունը ղեկավարում է նախկինում «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեորգի Թարգամաձեն, որ որպես լրատվական հաղորդման մեկնաբան ակտիվորեն մասնակցում էր անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Վրաստանի խորհրդարանական այս ընտրություններով որոշվում էր պառլամենտում 150 մանդատների հարցը` 75 համամասնական եւ 75 մեծամասնական: Այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից նաեւ մի էական առանձնահատկությամբ. մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները բոլորը ներկայացվել են կուսակցությունների կողմից: Նախնական տվյալներով, մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական մանդատների ավելի քան երկու երրորդը ստացել են իշխանական կուսակցության թեկնածուները:
Վրացական ընդդիմության բավականին մեծ թվով լիդերներից գրեթե ոչ մեկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, չի հաղթել մեծամասնական ընտրատարածքներում: Եթե ներկա արդյունքների հիման վրա ներկայացվի ապագա վրաց խորհրդարանը, ապա կարելի է խոսել իշխող կուսակցության կողմից խորհրդարանում ընդգծված մեծամասնություն ունենալու մասին` ավելի քան 90 մանդատՙ 150-ից:
Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությունների նախնական գնահատականներին, ապա ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների նախնական հայտարարության համապատասխան, խորհրդարանական ընտրությունները Վրաստանում գնահատվում են դրական: Ամեն դեպքում, ավելացնեմ, որ դիտորդական առաքելությունները նշումներ են արել ընտրախախտումների, կեղծիքների մասին, բայց առայժմ դրանք գնահատվել են ոչ էական:
Ընտրախախտումների մասին բողոքներն ու արձագանքները շարունակվում էին, մինչդեռ երեկ արդեն ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց 14 ընտրատեղամասերում անցկացված քվեարկությունը: