«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


«ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ ՄԻ՛ ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ»

Հայերին կոչ է անում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Շենսոյը

Ինչպես տեղեկացրել է «Ենի շաֆաք» թերթը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը, մասնակցելով Potomac ինստիտուտի նախաձեռնությամբ Կոնգրեսի շենքում «Թուրք-ամերիկյան ռազմավարական գործակցության ապագան» թեմայով կազմակերպված սեմինարին, ելույթում ասել է, որ հայկական բանաձեւերի պատճառով «աղետի շեմին» են կանգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Հայ մասնակցի այն հարցին, թե ինչու բանաձեւերի ընդունումն այլ երկրներում աղետի պատճառ չի դառնում նրանց եւ Թուրքիայի հարաբերություններում, դեսպանը պատասխանել է. «Հարցը խրթին եւ ընդգրկուն է, չի կարելի դրան միակողմանի մոտենալ: Առաջընթացի (հայ-թուրքական հարաբերություններում) լավագույն եղանակը կլինի այն, որ կողմերը 1915-ի իրադարձությունների ճշմարտությունը բացահայտելու համար նստեն սեղանի շուրջը»:

Շենսոյը հիշեցրել է հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Հայաստանի ղեկավարներին արած առաջարկը, նշել է, որ թուրքական արխիվները բաց են եւ նույնը ակնկալում են հայկականի պարագայում, ընդգծելով. «ԱՄՆ-ում եւ այլ երկրներում քաղաքական գործիչները հավանություն են տալիս պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու թեզին»:

Ապա դեսպանը շարունակել է. «Չպետք է երիտասարդներին դաստիարակել ատելության ոգով: Մենք այդպես չենք վարվում Թուրքիայում: Մեծացել եմ Թուրքիայի հայկական ծագումով քաղաքացիների միջավայրում: Հայ ժողովրդի նկատմամբ համակրանք եմ տածում: Ատելությամբ ոչնչի չենք հասնի: Շուրջ 40 հազար հայաստանցիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում: Բազմաթիվ թուրք երեխաների դայակները հայեր են: Եթե նրանց ընտանիքները թշնամաբար տրամադրված լինեին, ապա իրենց զավակներին չէին վստահի հայ դայակներին»:

Ելույթում Շենսոյը հույս է հայտնել, որ կնորմալանան Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները, որպես օրինակ բերել է նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Բաբաջանի հայ գործընկերներին հղած շնորհավորական ուղերձները, «դրական» է համարել ուղերձներին հայկական կողմի արձագանքը եւ նշել է, որ երկրում բոլորը դատապարտել են Հրանտ Դինքի սպանությունը, տասնյակ հազարավոր մարդիկ դրա համար փողոց են դուրս եկել, հետեւաբար ճիշտ չեն այն պնդումները, թե հայկական հարցերը չեն քննարկվում Թուրքիայում:

Վերջում նա ասել է, որ Թուրքիայում ոչ ոք չի դատապարտվել Հայկական հարցին առնչվող հայտարարությունների համար, կողմերը պետք է հանդիպեն, որովհետեւ թշնամանքով ոչ մի հանգրվանի չեն հասնի:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն: Պարզապես պետք է թարմացնել նրա հիշողությունը, ասելով, որ վերջին 5 տարիներին 301-րդ հոդվածով Թուրքիայում քրեական 6745 գործ է հարուցվել, ներկա պահին մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի դեմ հարուցված գործերի թիվը 9 է, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության թեմայով կատարված հրատարակություններին: Մեծարգո դեսպանը Հրանտ Դինքի սպանությանն անդրադառնալիս մոռացել է նաեւ «Մենք բոլորս Օգյուն Սամաստ ենք» գրությամբ պաստառները, որոնք բարձրացվում էին բազմաթիվ քաղաքների մարզադաշտերում, հավանաբար ոչ թե սպանությունը դատապարտելու, այլ մարդասպանին արդարացնելու համար:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4