Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է զանգվածային լրատվամիջոցների հետ կառավարության աշխատանքին: «Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ԶԼՄ-ների հետ շփվելու լրջագույն պրոբլեմներ եւ խիստ բացասական ավանդույթներ, որոնց վերջ պետք է տանք», խոստացավ նա: Դրա համար վարչապետը նախ դիմեց ԶԼՄ-ներին, առաջարկելով ներկայացնել իրենց մոտեցումներն ու առաջարկությունները կառավարության եւ նախարարությունների հետ համագործակցության վերաբերյալ: Տեղեկացվեց նաեւ, որ կառավարությունը եվրոպացի գործընկերներից տեխնիկական օժանդակություն է ստանալու, որպեսզի «էթիկայի կանոններ ներդրվեն այս ոլորտում», որոնք բոլորի համար հասկանալի եւ հստակ կլինեն:
«Երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները դիմում են այս կամ այն նախարարին ինչ-ինչ հարցերով եւ չեն ստանում այդ հարցերի պատասխանը, նրանք անմիջապես հայտարարում են, որ այդ նախարարությունը թափանցիկ չի աշխատում: Սա բացարձակապես կապ չունի թափանցիկ աշխատելու հետ: Եվ այն ավանդույթները, որ ձեւավորվել են, ավելի շատ խթանում են դեղին մամուլի զարգացումը Հայաստանում, իսկ լուրջ վերլուծական նյութերով հանդես եկող լուրջ լրատվական միջոցները չեն հայտնվում մեր ուշադրության կենտրոնում եւ դրանով իսկ մենք չենք խթանում հենց նրանց զարգացումը: Դրա համար, կարծում եմ, այդ հայեցակարգի մշակումը կարող է նաեւ խթանել բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը Հայաստանում: Գաղտնիքն այն է, որ մենք պետք է սկսենք մեզանից` մենք ինչպե՞ս ենք պատկերացնում թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ինչպիսի՞ տեղեկատվություն ենք պարտավոր պարբերաբար նրանց տրամադրել, ի՞նչ ընթացակարգերով ենք պատասխանելու նրանց հարցերին, ո՞ր հարցերը պետք է դառնան հրապարակային քննարկման եւ որո՞նք ծառայողական քննության առարկա», ասաց վարչապետը:
Ա. Մ.