«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


«ԿԲԱՑԱՌՎԻ ԹՂԹԻ ՎՐԱ ՄՆԱՑՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ»

Կառավարությունը ներդնում է «ներազդեցության գնահատում» կոչվող ինստիտուտը

Օրենքների ու որոշումների ընդունումն այսուհետեւ անհնար կլինի, եթե անցած չլինեն «ներազդեցության գնահատում»: Այս նոր ինստիտուտի ներդրման մասին երեկ կառավարության ընդունած որոշումը լրագրողներին ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը : Նա հայտնեց, որ յուրաքանչյուր մարմին, որ կնախաձեռնի իրավական ակտի մշակում, պետք է ոչ միայն իրավաբանական եզրակացություն ստանա, այլեւ եւս 8 եզրակացություններ այդ փաստաթղթի սոցիալական, կոռուպցիոն, բնապահպանական եւ այլ դրական ու բացասական հետեւանքների մասին: Սա վերաբերում է նաեւ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծերին: Եզրակացության մեջ պետք է նաեւ նշվի, թե ինչ ժամկետներում հնարավոր են այս դրական կամ բացասական հետեւանքները: Եզրակացություն տալու համար սահմանվելու է 15-օրյա ժամկետՙ այնքան, որքան անհրաժեշտ է նախարարություններին ներկայումս միայն կարծիք ներկայացնելու համար:

Միաժամանակ արդարադատության նախարարը նշեց, որ եթե որեւէ նախագիծ ունենալու է որոշակի բացասական հետեւանքներ, բայց դրական հետեւանքները գերակշռելու են, չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվելու է այն հաստատելուց:

Ներազդեցության գնահատման ինստիտուտը ներդնելով, Գեւորգ Դանիելյանի հավաստմամբ, հետագայում կբացառվի չաշխատող, թղթի վրա մնացող իրավական ակտերի ընդունումը եւ նախապես հաշվի կառնվեն յուրաքանչյուր իրավական ակտի սոցիալական, իրավական, բնապահպանական եւ այլ հետեւանքները:

« Ազգի » հարցին, թե ավելի ճիշտ եւ անկողմնակալ չի՞ լինի, եթե այդ եզրակացությունները տան ոչ միայն նախարարությունները, այլեւ անկախ կամ միջազգային կազմակերպությունները, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց, որ մեկը մյուսին չի խանգարում, եւ եթե նախարարությունը կողմնակալ եզրակացություն տա, ապա իր համար է խնդիրներ ստեղծելու:

«Իսկ սխալ եզրակացության դեպքում ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում դրա հեղինակը», մեր մյուս հարցին նախարարը պատասխանեց, որ դա պայմանավորված կլինի կոնկրետ իրավիճակով: Եթե օբյեկտիվ տվյալների հիման վրա է այդ եզրակացությունը տրված, ապա պատասխանատվության չի ենթարկվի ոչ ոք, իսկ եթե տրվել է անձնական կամ այլ շահերից ելնելով, ապա կարող է լինել ընդհուպ քրեական պատասխանատվություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4