«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2008-05-21 | #97, 2008-05-22 | #98, 2008-05-23


ԿՅԱՆՔԻ ՄԱՐԴԸՙ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Եվ խոսեց մետաղը

«Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչու չունենք նաեւ մանրաքանդակի դպրոց: Անչափ կուզենայի, որ Երեւանում բացվի մանրաքանդակի միջազգային կենտրոն, եւ թող ստեղծագործական ժառանգությունս հիմք ծառայի հետագայի համար:

Հայ ժողովրդի զավակները կարող են օգտվել իմ թողած ժառանգությունից: Ստեղծեցի 500-ից ավելի ձուլածո եւ քարե մանրաքանդակ»:


Բենիկ Պետրոսյանին ընկերներն ու արվեստագետները, ընդհանրապես բոլոր նրան ճանաչողները համարում են կյանքի մարդ ու արտահայտվում, ասելովՙ մեր Բենոն, մեր Բենիկը: Նույնկերպ խոսեցին նրա մասին երեկ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսին ներկայացած բազմաթիվ արվեստագետներ:

«Բենիկը թողեց ժառանգություն, բայց ահռելի չօգտագործված պոտենցիալով գնաց», կարծիք հայտնեց արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ կրկին անգամ կարեւորեց քանդակագործի ավանդի իրականացումը: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ ընդգծեց. «Մեր Բենիկը հիանալի արվեստագետ է ու մեծ քանդակագործ: Սա հայտնի ճշմարտություն է»: Խոսեցին շատերը ասելիքի նույնությամբ, իսկ ամենից ազդեցիկ ասելիքը հենց ցուցահանդեսն էր, որ բավական դժվար էր դիտելՙ բազմությունը 3 սրահներում էլ հոծ էր, ինչը նույնպես քանդակագործի արվեստի հանդեպ հետաքրքրության արտացոլք է:

Թեմատիկ ընդգրկունություն ունեցող ցուցահանդեսում ներկայացված էին համամարդկայինից մինչեւ կենցաղայինը պատմող քանդակներ: «Դեր-Զորի ճանապարհից վերադարձ չկա» քանդակից է սկսվում ցուցադրությունը եւ անցնում պատմական այլ փուլերի անդրադարձող քանդակների: Բենիկ Պետրոսյանի «Սովետ Միությունը» վանդակված զինվորական համազգեստն էՙ նույն վանդակից կախվածՙ առանց կրողի եւ ազատության, թե՞ ցավի ճիչ արձակող թռչունը, որ ձգտում է ազատվել վանդակից, հաջորդում է «Որդեկորույս մայրը», «Փախստական կինը» քանդակներով: Այնուհետեւ անհատի ամենատարբեր հոգեվիճակների քանդակային դրսեւորումներն են ներկայացված ինքնատիպի ու գեղեցիկի շրջանակում կատարված: «Գլուխ լվացող աղջկա» անշարժացած կեցվածքում լիովին առկա է շարժումը, իսկ «Դրախտի խնձորներն» ուղղակի խնձորի քանդակ չեն, այլ սիրազբաղ զույգերի տարածք, որ հետաքրքրված աչքից փակ է մինչեւ խնձորը բացելը:

Ինչպես ինքըՙ Բենիկ Պետրոսյանն է ասել. «Ուզում էի ստիպել, որ մետաղը խոսի»: Եվ մետաղը խոսեց քանդակագործի ստեղծարար պարտադրանքով: Այն կզրուցի Ազգային պատկերասրահում երեկ բացված ցուցահանդես այցելողի հետ: Սրահ մտնել-դուրս գալիս էլ այցելուն կտեսնի ու կլսի իր մասինՙ Երեւանը եւ երեւանցիները շարքից «Հանդիսատեսը» դիտելիս: Ցուցահանդեսն անհատական չէ, այլ ընտանեկան` Բենիկ Պետրոսյանի գործերի կողքին ներկայացված են նաեւ զավակներիՙ գեղանկարիչ Արեւիկ եւ քանդակագործ Արեգի աշխատանքները, թոռանՙ 5-ամյա Տիգրանի 3 աշխատանք էլ տեղ է գտել սրահում:

Ու թե քանդակագործի ավանդն անկատար է Հայաստանում մանրաքանդակի միջազգային կենտրոն ստեղծելու առումով եւ միայն առիթից առիթ որպես մտահոգություն է բարձրաձայնվում, ապա նրա ժառանգությունից հայորդիների օգտվելու առումովՙ չանտեսված. Արեգըՙ Բենիկ Պետրոսյանի որդին, հենց նրա ստեղծագործություններով ոգեշնչվում, սովորում ու իրՙ յուրովի մատուցված գործերն է ստեղծում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4