Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն խոստացել է միջամտել
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը հանդիպել է Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ:
Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Լադո Գուրգենիձեին` Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ այդ ընտրությունները լուրջ քայլ կլինեն ժողովրդավարական ուղիով առաջ ընթանալու եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Վրաստանի վարչապետը հավաստել է, որ միջազգային դիտորդների գնահատականները եւս վկայում են ընտրությունների հաջող անցկացման մասին` իր երկրի համար դա համարելով լուրջ եւ կարեւոր քայլ:
«Օգտվելով հանդիպման պատեհ առիթից», Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ եւ խնդրել աջակցել դրանց լուծման հարցում: Մասնավորապես, նա անդրադարձել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձեւավորման տրամաբանությանը հայկական կողմին եւս իրազեկ դարձնելու կարեւորությանը: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը Լադո Գուրգենիձեի ուշադրությունն է հրավիրել Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի եւ հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա: Նա հատկապես մատնանշել է վերջերս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելը եւ այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաեւ հրապարակավ հայտարարություններ են անում:
Վարչապետ Լադո Գուրգենիձեն, ըստ Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները եւ խոստացել խնդրի էությանն առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել:
Ա. Մ.