Վրաստանի ընտրատեղամասերի ավելի քան 97 տոկոսի տվյալների հիման վրա խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժում կուսակցությունը համամասնական ընտրակարգով կունենա 44 պատգամավոր, իսկ մեծամասնական ընտրակարգով` 71: 150 տեղանոց խորհրդարանում ավելի քան 120 տեղ ապահոված իշխանական կուսակցությունը փաստացի Վրաստանի խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, որի առկայությունն իսկ բավարար է ուզածդ քայլերն իրականացնելու համար:
Նախնական տվյալներով, 44 պատգամավորական մանդատ է ապահովվել 59 տոկոս ձայնով այն դեպքում, երբ միացյալ ընդդիմության համար վրաց ԿԸՀ-ն նշում է մոտ 18 տոկոս` 12 մանդատով: Ձայների ավելի քան 8 տոկոսը ստացել է Քրիստոնեա-դեմոկրատական շարժում կուսակցությունը եւ 7 տոկոս` Վրաստանի լեյբորիստները: Խորհրդարանի 150 մանդատների կեսի ընտրության մեծամասնական ընտրակարգով ընդդիմության թեկնածուներից հաղթել են միայն երկու «հանրապետական» եւ երկու թեկնածու միացյալ ընդդիմությունից:
Երեկ վրաց ընդդիմությունը փորձում էր ընդհանրական բանակցություններ վարել` յուրաքանչյուր կուսակցությունում քննարկելով ստացած մանդատներից հրաժարվելու տարբերակը: Միայն այստեղ խնդիր է մնում, որ ընդդիմադիրները մանդատներից հրաժարումը ցանկանում են տեսնել միասնական եւ ոչ մասնատված:
Ամեն դեպքում, մայիսի 26-ին Վրաստանը պատրաստվում է տոնել երկրի անկախության օրը, իսկ ընդդիմությունը արդեն հայտարարել է այդ օրը ԿԸՀ հարեւանությամբ առավոտյան վաղ հանրահավաք սկսելու մասին, որը կշարժվի տոնի առիթով կազմակերպված շքերթի ուղղությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի