ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ողջ շաբաթ, երբ դրսային ասուլիսների հետ նաեւ ԱԺ լիագումար նիստ կար, լիուլի կարելի էր հետեւել, թե ի վերջո, երկխոսության մասին անվերջ խոսող մեր քաղաքականներն իրենց երիվարը դեպի ո՞ւր են քշում: Այսինքն այն, որ ով չի ալարում, խոսում է երկխոսությունից, արդյոք ջուրծեծոցի է, թե՞ տակը մի բան կա: Վերջակետը դրվեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ, եւ չի կարելի ասել, թե դա մի երեւելի վերջաբան է շաբաթվա կտրվածքով: Դատեք ինքներդ` նույն հարցի, այսինքնՙ ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի մասին երկու տարամետ ուժերի` ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների տեսակետները բոլորովին չեն մոտեցել: Ստյոպա Սաֆարյան . «Բանաձեւի ոչ մի կետ չի կատարվել»: Հերմինե Նաղդալյան . «Մեր կարծիքով փորձել ենք եւ նախաձեռնել ենք բոլոր քայլերը, որոնք ԵԽԽՎ բանաձեւում ասված են»: Ասել է, թե կարծիքներն իրար բոլորովին չեն մոտեցել, եւ այդպես էլ տարամետ կարծիքներով գուցե Հայաստանի պատվիրակությունը հունիսին գնա Ստրասբուրգ: Մյուս կողմից էլ` հարցերն անգամ լրագրողական մակարդակով ճիշտ չեն դրվում. հարցնում ենք` արդյոք կատարվե՞լ են ԵԽԽՎ բանաձեւի պահանջները, կամ մեր հանդեպ պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե ոչ: Չենք բռնում ենթաշեշտը` ախր ԵԽԽՎ բանաձեւի կատարումը չէ, որ կարեւոր է, այլ հասարակության երկու տարամետ մտածող շերտերի միջեւ իրական երկխոսության կայացումը, մեր երկրի ներքին խաղաղությունը, մեր հասարակության մեջ համաձայնության գոյությունը, իրական վստահության առկայությունը առ նոր իշխանություն, ու թե այդ բոլորը լինեն, ԵԽԽՎ բանաձեւ չէ, ինչ բանաձեւ ասես չենք կատարի: Բայց չէ, մենք գիտենք 1609 բանաձեւ, հունիս 19, պատժամիջոցներ, մահակ, քաղցրաբլիթ...
Հնչած նրբերանգներում, այնուամենայնիվ, շարժում ու նորություն կա, եւ դա մասամբ երեւաց վերջին ճեպազրույցներում:
Ճեպազրույցի եկած «Ժառանգության» տղամարդիկ շարունակում էին իրենց արմատական պահվածքը. Ս. Սաֆարյանի կարծիքով, բանաձեւի որեւէ կետ չի կատարվել, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակումը տեղի չի ունեցել, ազատ արձակման տակ մեր իշխանությունները հասկանում են դատել եւ ապա ազատ արձակել` թեկուզ պայմանական պատժաչափ տալով: «Ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին օրենքի» փոփոխություններն առաջին ընթերցմամբ որ ընդունվել են` 1609 բանաձեւի պահանջն էր անհապաղ ուժը կորցրած ճանաչել մարտի 17-ի փոփոխությունները, այնինչ Տիգրան Թորոսյանի օրինագիծն այդպիսի խնդիրներ չի լուծում:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից հետո էլ բան չփոխվեց: Արդյոք Տեր-Պետրոսյանի հետ նախապես պայմանավորվե՞լ էր Հովհաննիսյանն այդպիսի առաջարկներ անելով (նաեւ` քաղաքական ուժերի ղեկավարներին խորհրդակցության հրավիրելը). ըստ «Ժառանգության» մի այլ պատգամավոր Վարդան Խաչատրյանի ` 1609-ի պահանջները բավարարելու առումով ժամանակը չի բավարարում նախնական աշխատանք իրականացնելու, հրապարակայնություն ապահովվելու էր, Տեր-Պետրոսյանի կողմից էլ ինչ-որ չափով պոզիտիվ ֆոնն ապահովված է, ինչը կոալիցիայի դեպքում մենք չտեսանք:
Մյուս խնդիրը` ընդդիմության եթերի եւ այլ լրատվամիջոցներով մուտքի ապահովումը, ըստ Ս. Սաֆարյանի, նույնպես չի կատարվել, բացի մի քանի ցուցադրական թոք -շոուներից` այս խնդիրը նույնպես լուծված չէ:
Վ. Խաչատրյանի կարծիքով` ձեռք առնվածները կիսաքայլեր են` ամենամեծ վտանգը ճշմարտանման ստի, կիսաճշմարտությունների մեջ է, որոնք նպաստելու են հասարակության բաժանվածության խորացմանն ու խտացմանը:
Ըստ ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի ` Ստրասբուրգում հունիսի վերջին կայանալիք նիստին Հայաստանի ԱԺ պատվիրակությունը կներկայացնի արածը եւ անելիքը, ապա եւ` կսկսվի իրագործումը գոնե անկախ հանձնաժողովի անկախ քննությունն իրականացնելու մասով: Եթե հանկարծ Հայաստանին ձայնից զրկե՞ն. դա ընդհանրապես բացասաբար կանդրադառնա Հայաստանի արտաքին իմիջի վրա, Եվրոպայի երկրների հետ երկկողմ հարաբերությունների տեսակետից: Բայց ըստ Ադոնցի` ոչ այնքան փաստաթղթերն են կարեւոր, որքան փոփոխությունները մեր երկրում. «Համաձայն կլինեմ` մեզ զրկեն ձայնի իրավունքից, քննադատեն, պատժամիջոցներ կիրառեն, բայց փաստաթղթերն ինձ համար ոչինչ են, եթե ներքին հարցերը չլուծվեն»: Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ զանգվածային միջոցառումների օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում կանցնեն հունիսյան քառօրյայում:
Ըստ ԲՀԿ պատգամավորների` ընդդիմությունը ներկայացված է լինելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում: Ըստ Ն. Զոհրաբյանի` խորհրդարանում առաջիկայում կանոնակարգի փոփոխություններ են սպասվում եւ ընդդիմությանը տրվելու են երաշխավորված գործունեության հնարավորություններ, արտահերթ նիստերով այդ հարցերը լուծվելու են:
ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանի առաջարկն ուղղված էր բոլորին եւ հենց իր ներկայացրած ուժին. «Գտնենք բոլոր մեխանիզմները` հուզող հարցերի պատասխանը տալու, վստահությունը պետության մեջ կատարվող գործընթացների վերաբերյալ բարձրացնելու համար»: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, իզուր հույսեր թող չփայփայեն», կտրեց վերջերս խորհրդարան մտած Սուքիաս Ավետիսյանը . «Եթե մեկ անձ չի ցանկանում մասնակցել երկխոսությանը` ապա չի նշանակում, որ քաղաքական դաշտում երկխոսություն չկա»:
Հ. Նաղդալյանը խոսքն առաջ տարավ. «ԵԽԽՎ բանաձեւը ոչ այն քննությունն է, որ մենք պիտի հանձնենք, կտրվենք-չկտրվենք, ոչ էլ Եվրոխորհուրդն այն բոբոն է, որից վախենալով պիտի մտածենք` ինչ անենք-ինչ չանենք, հայ-հարայ. հասարակության պրոբլեմները մեր պրոբլեմներն են, լուծման խնդիրն էլ մերն է, եւ դա պետք է մեր պետությանը, մեր հասարակությանը, եւ ոչ թե Եվրոխորհրդին: Բանաձեւի կատարումն, այսինքն, մեր պետության մեջ այն լուրջ փոփոխություններն են, որ կարող են ճանապարհ լինել ճգնաժամից դուրս գալու համար... Երկխոսության խնդիրն, ըստ մեզ, գոյություն ունի, եւ այդ երկխոսության խնդիրը համարում ենք անհրաժեշտ, բոլորիս մասնակցությամբ, բայց չի կարող լինել միակողմանի երկխոսություն կամ երկխոսություն մենախոսության ձեւով..»
Հ.Գ. Արդյոք պատրաստվո՞ւմ է «Ժառանգությունը» մաս կազմել Տեր- Պետրոսյանի նախաձեռնած Կոնգրեսի. «Ազգի» այս հարցին Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Քանի դեռ առաջարկը որպես մանրակերտ չենք ստացել եւ չենք քննարկել, խոսել կողմնորոշումների մասին վաղաժամ է, բացի այդ` դա Տեր-Պետրոսյանի շարժումը չէ, մենք սատարել ենք համաժողովրդական շարժմանը եւ ոչ թե քաղաքական անձին (ինչքան էլ նրան հարգենք) կամ քաղաքական կազմակերպությանը: