Ութ օր մայր հայրենիքում էին Ամերիկայի Միչիգանի նահանգի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան վարժարանի (Դետրոյթ) ավարտական դասարանի 13 սաներըՙ տնօրեն Հովսեփ Թորոսյանի ու հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցչուհի Անահիտ Թումաջանի ուղեկցությամբ: Վարժարանի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ հայ երեխաների հետ նույն ուսումնական ծրագրով սովորում են ուկրաինացիներ, Իրաքի քրիստոնյաներ, աֆրիկացիներ, ամերիկացիներ, ռումինացիներ, հրեաներ:
Վարժարանի տնօրեն պրոֆեսոր Հովսեփ Թորոսյանի հետ զրույցից տեղեկացանք, որ դպրոցի ուսման մակարդակը շատ բարձր է, եւ հայկական վարժարանը ուսումնական տարվա ընթացքում տոնում է Թարգմանչաց, Վարդանանց, Անկախության, մի խոսքով բոլոր հայկական պետական եւ հոգեւոր տոները:
«Մեր շրջանավարտների այցը Հայաստան հատկապես ապրիլի 24-ին ունի երեք նպատակ, պատմում էր պր. Թորոսյանը, դա կապված էր Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի հետ: Մենք այդ օրը միանալով ՀԲԸՄ խմբին ու սկաուտներին, քայլեցինք դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ու մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր անմեղ զոհերի հիշատակին»:
Մեր խոսակցությանը միացավ աշակերտներից Մայքլ Գալֆայանը ու պատմեց, թե ինչ ապրումներ է ունեցել. «Մի պահ ինձ թվաց, թե մենք էլ ենք անցնում այն նույն գաղթի ճանապարհով, որով մեր նախնիներին իրենց հարազատ օջախներից քշել ու կոտորել են... Իսկ երբ անմար կրակի մոտ գլուխս խոնարհեցի նրանց հիշատակին, զգացի, որ այդ պահից սկսած իմ կյանքում փոփոխություն եղավ...»:
Մարալ Քալանջյանը եւ Վազգեն Հարությունյանը կրկին վերապրեցին այն հուզումը, որը երբեք չի ջնջվի հիշողությունից, պատմում էին նրանք: Պրոֆեսոր Թորոսյանը շատ կարեւորեց Հայաստան այցը ու պարզաբանեց. «Այն օրերը, որ մեր աշակերտները անցկացնում են մայր հայրենիքում, վարժարանի ուսուցիչները եւ ես գտնում ենք, որ այդ շաբաթվա բարիքը համազոր է մեկ տարվա դաստիարակության»:
Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի ուղեկցությամբ ու առաջնորդությամբ, վարժարանի սաները այցելել են Ալեք եւ Մարի Մանուկյանների շիրմին, աղոթել ու ծաղիկներով զարդարել: Այնուհետեւ սաներին մոտ մեկ ժամ ընդունել է Վեհափառ հայրապետը: Դպրոցականներից Ալեքը, Նաիրին եւ Աբիգայլը մեկ անգամ արդեն եղել են Հայաստանում ու խնդրել տնօրենությանը շարունակել մայր հայրենիք այցերը:
Վարժարանի սաները մեծ ոգեւորություն են ապրել, երբ այցելել են Նոր Նորքի հայորդաց տուն, շփվել ու դիտել սաների գեղեցիկ ելույթները: Վազգենը, Վահանը, Մայքլը նշում էին, որ «10-15 տարիների ընթացքում հայրենիքի մասին նկարներից, տեսաֆիլմերից էինք տեղեկանում, իսկ երբ եկանք ու մեր աչքերով տեսանք, դա պարզապես այլ զգացողություն է, եւ երբ վերադառնանք, ամենուն պիտի պատմենք, որ այցելեն ու իրենց աչքով տեսնեն ու վայելեն ազատ անկախ հայրենիք ունենալու աննկարագրելի զգացումը»:
Հայաստանի տեսարժան վայրերում զբոսնել են ու չնայած ցուրտ եղանակին, տղաները Սեւանա լճում ջուրն են մտելՙ «օծվեցինք մեր հայրենիքի ջրով ու ցուրտը չենք զգացել» ոգեւորված պատմում էին տղաները: Անժելիկան Թեհրանից է տեղափոխվել վարժարան, այնքան ոգեւորված էր Հայաստանով, որ ուզում էր մնալ Երեւանում:
Մայքլ Գալֆայանը երբ պատմում էր իր տպավորությունները, նշեց. «Ուրախ եմ, որ դպրոցը ինձ տվեց նման առիթ, որ ես տուն գամՙ իմ երկիր... Իսկ երբ մայրս հեռաձայնեց ու հարցրեց, թե մեր տունը կարոտե՞լ եմ, ասացի ոչ, ես տանն եմ, իմ հարազատ տանը... ու մկրտվել եմ Սեւանա լճում, Էջմիածնում ու Գեղարդում օրհնված ջուր եմ խմել: Ես մեր ընտանիքին առաջնորդելու եմ Հայաստան ու անձամբ ցույց եմ տալու այն ամենը, ինչ տեսա ու վայելեցի...»:
Վազգեն Պասմաջյանը պատմում էր, որ դեռ մանկուց երազել է լինել մայր հայրենիքում, «Երբ իմ աչքերով տեսա մեր հիասքանչ վայրերը, եկեղեցիները, շփոթվեցի ու մի պահ թվաց, թե դեռ երազներիս մեջ եմ: 16 տարի սպասումից հետո հպվում եմ այդ սրբավայրերին: Ամենաշատը հավանեցի Ամբերդը, բարձրացա ամենաբարձր պարսպին, ձեռքերս պարզեցի եւ զգացի ինձ թագավոր, որը վերեւից հսկում ու զմայլվում է շրջապատով, խոխոջուն գետերով, լեռներով ու սարերով... Դա աննկարագրելի զգացում է: Ճամփին մի մեծ քար կար, Արագածի փեշերին գետի եզրին, նստեցի այդ քարին: Նշան արեցի ու երդվեցի, որ դա իմ թագավորական գահն է, երբ հետ գամ Հայաստան, իմ քարին կրկին կնստեմ...»:
Հրաժեշտից առաջ Վազգեն Հարությունյանը մի հետաքրքրական դիտարկում էր արել ու պատմեց. «Այս 8 օրերի ընթացքում, առանց երթեւեկության որեւէ կանոն խախտելու, 45 անգամ վթարի կենթարկվեի, եթե շատ ու շատ ուշադիր չլինեի: Ես մտածում եմ, թե ինչ հնարեմ, որ ոչ մեկը վթարի չենթարկվի Հայաստանի նման ազատ, ապահով ու անվտանգ երկրում: Իսկ Կարեն Դեմիրճյանը շատ էր հավանել հայուհիներին ու որոշել է հետ գալ ու հարսնացու ընտրել Երեւանից...
Այսպիսի տպավորություններով մայր հայրենիքից Ամերիկա վերադարձան Ալեք եւ Մարի Մանուկյան հայկական վարժարանի սաներըՙ կրկին վերադառնալու ակնկալիքով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ