«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2008-05-22 | #98, 2008-05-23 | #99, 2008-05-24


ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԳԱԱ եւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի միջեւ կնքվել է Հայաստանում կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց ստեղծելու հուշագիր: Այն ստորագրեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ գործարար կառավարման դոկտոր Ռադիկ Վանունցը , Ռուսաստանի կողմիցՙ «Գործարար կառավարման դոկտոր» ծրագրի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը : Վերջինս նշեց, որ դպրոցը լինելու է ինքնուրույն իրավաբանական մարմին, 3 տարի ուսման տեւողությամբ: Դպրոցում դասավանդելու կհրավիրվեն Հայաստանի լավագույն մասնագետները, ինչպես նաեւ բարձր որակավորմամբ դասախոսներ Ռուսաստանից: Շրջանավարտները կարող են ստանալ բիզնեսի դոկտորի կոչում: «Կորպորատիվ կառավարման սկզբունքներին աշխարհում շատ մեծ նշանակություն է տրվում, իսկ Հայաստանում` դեռ ոչ», նշեց ակադեմիկոսը: Նա ընդգծեց, որ Հայաստանում արդեն զարգանում է բանկային համակարգը, լուրջ քայլեր են ձեռնարկվում ֆոնդային բորսայի եւ արժեթղթերի շուկայի կայացման եւ զարգացման ուղղությամբ, Հայաստանում գործունեություն ծավալելու շահագրգռություն են սկսում ցուցաբերել համաշխարհային մասշտաբով հայտնի կազմակերպություններ, երկրում կառուցվում եւ վերագործարկվում են գործարաններ, բուռն զարգանում են մի շարք ոլորտներ, այդ թվում` էներգետիկան, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում բիզնեսի գիտելիքներին տիրապետող մասնագետների կարիքն աստիճանաբար մեծանում է: Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը Հայաստանում կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից: Ա. Աղանբեկյանը կարծիք հայտնեց, որ դպրոցում կրթություն ստանալը կարեւոր կլինի նաեւ ՀՀ պաշտոնյաների համար: Դպրոցի հիմնադրման համար, նրա տեղեկացմամբ, ստացվել է ֆինանսական աջակցություն ՌԴ-ում գործող հայ խոշոր գործարարներից: Սակայն հիմնական ֆինանսավորումն իրականացնում է գործարար Ռադիկ Վանունցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4