Ռուսաստանի գործողությունները աբխազական հակամարտության գոտում հակասում են մոսկովյան համաձայնությանը եւ դիտարկվում որպես հրադադարի ռեժիմի խախտում: Ապրիլի 20-ին վրացական անօդաչու ինքնաթիռի խփվելու առնչությամբ նման հայտարարություն է երեկ տարածել Վրաստանում ՄԱԿ-ի դիտարկման առաքելությունը, հիմնավորմամբ, որ անօդաչու հետախույզ ինքնաթիռը խփվել է ռուսական ինքնաթիռից: Հիմնավորումը տրամադրել են ՄԱԿ-ի համապատասխան փորձագետները:
ՄԱԿ-ի դիտարկման առաքելության հայտարարությամբ, ապրիլի 20-ի միջադեպից անմիջապես հետո վրացական հետախույզ անօդաչու ինքնաթիռը ոչնչացրած ինքնաթիռը, ռադիոլոկացիոն կայանների տվյալների համաձայն, հեռացել է դեպի ռուսական օդային տարածք: Միեւնույն ժամանակ, նույն հայտարարության մեջ նշվում է, որ վրացական կողմից անօդաչու ինքնաթիռների թռիչքները հակամարտության գոտում եւս կարող են գնահատվել որպես մոսկովյան համաձայնագրի խախտում: Վրացական կողմի պնդումովՙ թե այդ թռիչքները անհրաժեշտ են եւ կատարվում են «վրացական տարածքների վրա», ՄԱԿ-ի դիտարկմամբ, այդ թռիչքներն աբխազական կողմն այլ կերպ է գնահատում, ուստի դրանք կարող են գնահատվել որպես համաձայնագրի խախտում:
Ա. Հ.