Կառլսռուհեի առեւտրաարդյունաբերական պալատը մայիսի 27-ին, ժամը 14-16.30-ին հրավիրում է գործարարներինՙ հայաստանյան շուկայում ներդրումների հնարավորության հանգամանալից ծանոթության: Բադեն-Բադենի Բիրոն պալատում այսօր կայանալիք «Գործարար եւ ներդրումային հնարավորությունները Հայաստանում» վերնագրյալ միջոցառմանն իր փորձառության մասին կխոսի Հայաստանի մասնավոր հատվածում ամենամեծ ներդնողն ու աշխատատեղեր ապահովողըՙ CRONIMET-ը:
Ժամը 14.00-ին ողջույնի խոսքով միջոցառումը կբացեն Բադեն Վյուրթեմբերգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնդ Բեխթոլդը եւ Բադեն Վյուրթեմբերգում ՀՀ պատվո հյուպատոս, Կառլսռուհեի CRONIMET խմբի կառավարիչ Գյունթեր Պիլարսկին: 14.15-ին «Օտարերկրյա ներդնողների համար ներդրումային մթնոլորտը Հայաստանում» զեկույցով հանդես կգա Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, 14.25-ին «Գործարար եւ ներդրումային հնարավորություններ Հայաստանում» ելույթովՙ Կառլսռուհեում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր կառավարիչ Գագիկ Վարդանյանը:
14.50-ին «Տեխնոլոգիաների շրջան Կառլսռուհե. գործընկեր Հայաստանի համար» վերնագրյալ նյութը կներկայացնի Գերմանիայում Կառլսռուհեի առեւտրաարդյունաբերական պալատի Հայաստանի ներկայացուցչության նախագահ Ռոբերտ Վ. Հուբերը:
Ընդմիջումից հետոՙ ժամը 15.15-ին CRONIMET խմբի Հայաստանում ծավալած գործունեության մասին կզեկուցի այդ հաստատության առեւտրային տնօրեն Միշայել Ֆոգելը: Ժամը 15.45-ին ներկայացվող եզրափակիչ ելույթըՙ «Ներդրումների խրախուսումը Հայաստանում» վերապահված է ԵՄ խորհրդատվական կառուցվածքային հիմնադրամի ներկայացուցիչներ Անդրեաս Զավելկաուլսին ու Մանֆրեդ Շպալկեին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա