Երեկ երեկոյան Թուրքիայի հայոց պատրիարքության կրոնական ընդլայնված ժողովում հաստատվել է պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հիվանդ լինելու մասին տեղեկությունը եւ հայտարարվել է նրան քննած արտասահմանցի թե տեղացի բժիշկների եզրակացությունը, թե Ամենապատիվ պատրիարք հայրը կարիք ունի երկարատեւ հանգստի, որի ընթացքում ստանալու է բժշկական անհրաժեշտ դարմանումները: Այս մասին «Ազգ»-ի հեռախոսային հարցմանն ի պատասխան, Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչը հաղորդեց, որ ժողովի որոշման համաձայն, պատրիարքության ընթացիկ գործերը ժամանակավորապես կատարելու է լուսարարապետ Արամ արք. Աթեշյանը, որը պատրիարքության երիցագույն անդամ Շահան արք. Սվաճյանի հետ համախորհուրդՙ տնօրինելու է նաեւ ոչ ընթացիկ խնդիրները:
Ինչ վերաբերում է Պատրիարք սրբազանի նախապես արած վարչական կարգադրություններին, դրանք մնալու են անփոփոխ: Այս եւ այլ մանրամասնությունների վերաբերյալ պատրիարքության պաշտոնական զեկույցը կհրապարակվի այսօր:
Շուտափույթ եւ ամբողջական ապաքինում ենք մաղթում Ամենապատիվ պատրիարքին: