Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակ
Կիրակի օրը Ապարանում տեղի ունեցած մեծ տոնախմբությամբ մեկնարկեց մայիսյան հերոսամարտերի` Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում մեր տարած հաղթանակների 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մայիսյան հերոսամարտերին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը հաստատվել է դեռեւս Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք: Մայիսյան հերոսամարտերի առիթով նախանշված միջոցառումները կառավարական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը:
Ապարանը ողողված էր տոնական տրամադրությամբ: Վաղ առավոտից քաղաքում հավաքված ժողովրդին միացավ նաեւ Երեւանից եկած պաշտոնյաների եւ հյուրերի մեծ խումբն, ու Բաշ-Ապարանի հերոսամարտի 90-ամյա տարեդարձը նշվեց բավական ուրախ մթնոլորտում: Միջոցառման մասնակիցները քաղաքի հրապարակից բարձրացան դեպի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին, խոնարհվեցին ի հիշատակ հերոսամարտի զոհերի, ապա իջան ներքեւ, որտեղ Բաշ-Ապարանի ճակատամարտի պատմական նշանակության մասին խոսքեր ասացին պատգամավորները, նախարարները, գլխավոր դատախազը: Հուշահամալիրի հարակից այգին ամբողջությամբ վերածվել էր ուրախության սեղանների, որի շուրջը խմբված ապարանցիները մի ուրիշ հպարտությամբ էին տոնում հաղթանակի օրը:
«Մեծ բազմություն էր գալիս, որոնց ոչ մեկը չէր պարտադրել կամ հորդորել, որ գային: Ժողովուրդն ինքնաբուխ, գիտի, որ այսօր նշվում է այս տոնը, եւ փաստորեն այդ բազմությունը խորհրդանշում է այն համախմբվածությունը, որ եղել է 1918-ին, եւ այդ համախմբվածության շնորհիվ հայ ժողովուրդը տարել է այս հաղթանակները: Այդ հաղթանակների շնորհիվ ենք այսօր փորձում մեր երջանիկ ներկան եւ ապագան կերտել», ասաց Արմեն Գեւորգյանը:
«Մեր մեծամեծները, ամփոփելով պատմական իրադարձությունները, շեշտել են, որ մեր հավաքական ուժի մեջ են մեր հաջողությունը, մեր հաղթանակները, իրականում այդպես էլ կա: Բաշ-Ապարանի ճակատամարտում մինչեւ ատամները զինված, վարժված թուրք զինվորների դեմ հաղթանակ տարավ աշխարհազորայինը: Սա հենց վկայություն էր, որ միասնությունը հաղթեց, եւ մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրիս գործն է, որ ստեղծում է ազգային ընդհանրական կերպար: Եվս մեկ անգամ ուզում են շեշտել Բաշ-Ապարանի ճակատամարտի պատմական նշանակությունը ոչ միայն այն առումով, որ մենք միասնական ճակատով հաղթանակ տարանք թուրք ասկյարի դեմ, այլեւ որ եւս մեկ անգամ եկանք այն գաղափարին, եկանք այն հաստատ համոզմանը, որ միասնության մեջ է մեր ազգի գոյատեւման միակ երաշխիքը», նշեց գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:
Երգն ու ուրախությունը քաղաքում շարունակվեցին մինչեւ ուշ երեկո: Մայիսի 27-ին Լոռու մարզում կկայանա Ղարաքիլիսայի ճակատամարտին նվիրված տոնախմբություն, իսկ մայիսի 28-ին միջոցառումների շարքը կավարտվի Սարդարապատում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ