«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2008-05-23 | #99, 2008-05-24 | #100, 2008-05-27


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ

Եթե գիտնական ու երաժիշտ դառնալու երազանք ունի դպրոցականը...

ՀՀ նախագահի նախորդ տարվա մրցանակները 26 անձանց 13 անվանակարգերում շնորհվեցին երեկ` նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողության ժամանակ: Պրոֆեսոր Յուրի Բարսեղովը ` «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի եւ ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը ՙ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար նույնանուն անվանակարգում արժանացան նախագահի մրցանակի: Ի դեպ, 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակը Բարսեղովը հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին` արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաներին եւ հաշմանդամներին աջակցելու ֆոնդ ստեղծելու նպատակով: Հաջորդՙ «Բնական գիտություններ» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին «Օպտիկապես ոչ գծային նոր բյուրեղների ստացումը եւ հետազոտումը» գիտական հոդվածների շարքի եւ «Համակարգչային կենսաբանություն. Էրիթրոցիտի թաղանթի մոդելավորումը եւ ուսումնասիրությունը համակարգչային փորձի եւ մոլեկուլային դինամիկայի մեթոդով» գիտական աշխատության համար: «Ֆիզիկա» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակին արժանացավ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային եւ օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն» հոդվածների շարքը: «Բժշկագիտություն» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Գեորգի Օկոեւի գլխավորած խմբին` Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մեթոդի ներդրման եւ իրականացման համար, ինչի շնորհիվ լույս աշխարհ է եկել 89 երեխա:

«Տեխնիկական գիտություններ» անվանակարգում մրցանակ չշնորհվեցՙ արժանի գործ չէր եղել: «Հումանիտար գիտություններ» անվանակարգում «Արաբական երկրների պատմություն (7-րդ դարից մինչեւ 2005 թ.)» քառահատոր աշխատության համար նախագահի մրցանակ շնորհվեց պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին , որը երախտագիտության խոսքում ընդգծեց, որ այդ աշխատության համար մրցանակի արժանանալը կարեւորում է հատկապես այն պատճառով, որ հնարավորություն ունի կրկին ուշադրություն հրավիրելու Հայաստանի արտաքին քաղաքականությունում Արեւելքինՙ մարդկային եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ ամբարող տարածաշրջանին առավել ուշադրություն ուղղելու խնդրին:

«Կիլիկիա» առագաստանավով կատարված նավարկության մասնակիցներինՙ «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ եւ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանին «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր» անվանակարգում «Նավարկություն 7 ծովերով» ծրագրի իրագործման եւ հրապարակախոս Զորի Բալայանին «Գրականություն» անվանակարգումՙ «Կիլիկիա» եռագրության համար մրցանակներ հանձնվեցին:

ՀՀ վաստակավոր նկարիչ Արամազդ Կարապետյան-Շիրազին «Կանչեր հոգեւոր» 7 քանդակների համար «Արվեստ» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակ հանձնվեց:

ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվեցին «Կերպարվեստ եւ կինո» անվանակարգում` «Աթեքս» նորաձեւության կենտրոնի դիզայներ Լիլիթ Քանքարյանին «Հայկական վերածնունդ» հագուստի հավաքածուի համար, Նարեկ Արզումանյանին ` «Կերպարներ» գեղանկարների շարքի, Նարինե Մանուչարյանին ` «Քաղաքը» գրաֆիկական աշխատանքների շարքի համար: «Գրականություն» անվանակարգում մրցանակակիրը Ռուզաննա Ոսկանյանն է, «Թափանցիկ անձրեւներ» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դաշնակահար Լիլիթ Գրիգորյանին «Գործիքային կատարում», Ասատուր Բալջյանին «Երգեցողություն» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է ՀՀ նախագահի մրցանակների շնորհումը 2001 թվականից` «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հենց նրանց էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց եւ ասաց. «Անհամբեր սպասում ենք Հայաստանում Պողոսյան հիմնադրամի նորանոր հաջողություններին, մասնավորապես եւ հատկապես մոտ ժամանակներս նախագահի նստավայրի դիմաց գտնվող եւ երեւանցիների շատ սիրած պուրակի վերաբացմանը»:

Հանրապետության օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց ՀՀ նախագահն ու ասաց. «Համոզված եմ, որ հայկական պետությունն ունի հայ մշակույթը պահպանելու եւ զարգացնելու հատուկ առաքելություն: Այդ կարեւոր առաքելությունն արդյունավետ իրականացնելու ճանապարհին մենք լուրջ անելիքներ ունենք: Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական եւ հոգեւոր, մշակութային զարթոնք: Մեր երկրում բարոյական մթնոլորտի եւ հասարակական իդեալների ձեւավորման մեջ դուք մեծ դեր ունեք, մտավորականի դերի եւ կերպարի արժեւորումը, վստահ եմ` հրատապ է մեզանում: Եթե մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն իրավաբան ու բիզնեսմեն դառնալ, այլեւ գիտնական ու երաժիշտ, համոզված եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա համար նոր սերնդին պետք են օրինակելի գործեր եւ մարդիկ, այսօր այդ օրինակը դուք եք»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4