Մոտ հազար կգ ծանրությամբ եւ 2,5 մետր բարձրությամբ 13-րդ դարի բազալտե, Լոռիում պատրաստված գեղեցիկ մի խաչքար ներկայիս ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի «Մերի եւ Մայքլ Ջահարիս» դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Խաչքարը թանգարանին է տրամադրել Երեւանի պատմության պետական թանգարանը: Ըստ հաղորդագրության, սա առաջին դեպքն է, որ Մ. Նահանգների որեւէ թանգարանում խաչքար է ցուցադրվում:
Տեղափոխման հարցերում օժանդակել է Հակոբ Գեւորգյանի անվան հիմնադրամը (ԱՄՆ), իսկ տեղադրման աշխատանքները վերահսկել է թանգարանի այդ բաժնի համակարգող Հելեն Էվանսը, որն իր երախտագիտությունն է հայտնել ծրագիրը իրականացնողներին:
Աշնանը նախատեսվում է հայկական արվեստի այլ ցուցանմուշներ եւս տեղադրել խաչքարի կողքին եւ նոյեմբերի 23-ին կազմակերպել «Կիրակին Մետրոպոլիտենում» հատուկ միջոցառում, որի ընթացքում կկարդացվի դասախոսություն հայկական միջնադարյան արվեստի մասին եւ կհնչի հայկական միջնադարյան երաժշտություն:
Հ. Ծ.