Կաննի կինոփառատոնում Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի առաջին ցուցադրության ավարտին դահլիճը մոտ 15 րոպե հոտնկայս ծափահարել է, մի բան, որ հազվադեպ է պատահում միջազգային հեղինակավոր կինոփառատոներում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը Ֆրանսիայից մեզ հայտնեց, որ Էգոյանի ֆիլմը արժանացել է Կաննի էկումենիկ ժյուրիի մրցանակին:
Ցուցադրման նախորդ օրըՙ մայիսի 22-ին, Էգոյանը ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներիՙ պրոդյուսեր Սիմոն Ուրդլ եւ Ջենիֆեր Վայսի, դերասաններ Ռաշել Բլանշառի, Դեւոն Բոստիքի եւ Սկոթ Սպիդմանի հետ հրավիրվել է մամլո ասուլիսի, որի ժամանակ խոսել է ֆիլմի գաղափարին ածանցվող մի շարք հարցերի մասին: Ֆիլմի գլխավոր դերակատար Դեւոն Բոստիքն ասել է, որ սցենարն առաջին անգամ կարդալիս այնպիսի զարմանք է ապրել, որ ցանկացել է այն վերընթերցել մի քանի անգամ: «Ատոմի սցենարներում այնքան բան կա, որ պետք է թափանցել դրանց խորքերը: Այնտեղ միայն մի գլխավոր սյուժե չէ, ոչ էլ ընդամենը մեկ պատմություն, դրանք տարբեր պատմություններ ենՙ ամեն մեկն այնքան բան ուսուցանող: Երբ իմացա ընտրվել եմ գլխավոր դերում, ուրախությունից բղավեցի, որովհետեւ գիտեի, թե ինչ հրաշալի աշխատանք պիտի անեմ եւ այն պիտի դիտեն ամենուր: Ես գիտեի, թե որքան կարեւոր են Ատոմի ֆիլմերը եւ այն բոլորը դասերը, որ հնարավոր է քաղել նրա ֆիլմերից: Իմ կադրերը սկսվեցին առանց խոսքերի, ես անչափ հուզված էի եւ աստիճանաբար կարողացա մտնել դերի մեջ եւ ավելի լավ զգալ ստեղծագործական մթնոլորտը»:
Կանադական դպրոցի ուսուցչուհին, որի դերում հանդես է գալիս Արսինե Խանջյանը, աշակերտներին հանձնարարում է ֆրանսերենից թարգմանել մի հոդված այն մասին, թե ինչպես է մերձավորարեւելյան ծագումով մի ահաբեկիչ իր հղի ընկերուհու պայուսակում ռումբ տեղադրում, պայթեցնելու համար այն ինքնաթիռը, որի մեջ պիտի լիներ իր ընկերուհին, սակայն ռումբն ի վերջո հայտնաբերվում է:
Ֆիլմի հերոսըՙ Սիմոնը ինտերնետի միջոցով իր ընկերներին հայտնում է, որ ահաբեկիչը իր հայրն է եղել, իսկ նրա ընկերուհին հղի էր հենց իրենից:
Իր ֆիլմով Էգոյանը ցանկացել է ասել է, որ հակառակ տարածված կարծիքի, ինտերնետը ոչ թե համաշխարհային հանրություն է ձեւավորում, այլ առանձին խմբեր, որոնք միավորվում են ըստ հետաքրքրությունների:
«Ինտերնետի գլոբալ լինելու գաղափարը մի բան է, որ ես տեսել եմ: Դա արդեն կլիշե է դարձել: Բայց փաստորեն իրականությունն այն է, որ գոյություն ունեն դրանով հետաքրքրվող փոքր խմբեր: Ես օգտվում եմ տեխնոլոգիաներից, երբ դրա կարիքն ունեմ: Մենք հիմա ունենք Սքայփի եւ կարող ենք աշխատել խմբերով, ինչը հետագայում ավելի տարածում կգտնի: Բայց ես ցանկացել եմ ցույց տալ մարդկանց մտերմությունը, որ ի վերջո նրանք կարիք ունեն միմյանց հետ շփվելու, իրար պատասխանելու: Մարդկանց փոքր խմբերի մասին է, որոնք համացանցը օգտագործում են մտերմիկ կապեր ստեղծելու համար:
Կարծում եմ, ի վերջո, մենք պետք է ձեւեր գտնենք միմյանց հետ շփվելու, միշտ էլ եղել է միմյանց ինչ-որ բան փոխանցելու, պատմելու անհրաժեշտությունը: Հիմա դա արվում է նոր տեխնոլոգիաների միջոցով: Ինտերնետի հետ կապված հարցը այն է, որ մենք ձգտում ենք միմյանց կյանքին ավելի մոտ լինել, մի բան, որ առաջներում հնարավոր չէր պատկերացնել: Ինչ է դա նշանակումՙ պարզել այն հարցերը, որոնց կարիքը զգում ես: Հատկապեսՙ եթե դա ընտանեկան վիճակի հետ է կապված, ինչպես ֆիլմի հերոսի պարագայում է: Նրան ոչինչ չի ասվել իր ընտանիքի մասին եւ նա օգտագործում է նոր տեխնոլոգիաները գտնելու մեկ այլ անձնավորության, որը թույլ կտա գնալ այնտեղ, ուր նրա պապը, կամ հորեղբայրը թույլ չեն տվել գնալ միայնակ: Նա հանգում է մի կետի, ուր դառնում է ինքնուրույն եւ այդ ձեւով անցնում է իր կյանքի ճանապարհը: Ինտերնետը օգնում է նրան գտնելու ինքն իրեն: Ֆիլմը ինտերնետի մասին չէ, այլ թե ինչպես է ինտերնետը երիտասարդի համար դառնում ինքնարտահայտման եւ ինքնահաստատման միջոց:
Մենք գնացինք այդ ճանապարհով եւ տեսանք, թե ինչպես են մարդիկ միմյանց պատմում իրենց գաղտնիքները: Նրանք առավելագույնս սրտաբաց են միմյանց հանդեպ: Այդ գաղտնիքները ստեղծվել են, որովհետեւ մարդիկ ունեցել են դրանց կարիքը: Ամեն մի ընտանիք իր գաղտնիքն ունի, քանի որ մարդիկ կամենում են գտնել ինչ-որ առեղծվածային մի բան, ինչ - որ ձեւով բացատրել եւ պատմել ուրիշներին: Դա կարող է լինել ճիշտ, կամ ոչ, բայց դա այն է, ինչին իրենք ուզում են, որ ուրիշները հավատան: Դա պարզապես մարդու էությունն է: Ինձ ամբողջ ժամանակ զարմացրել է այն է, թե որքան առեղծվածային է մեկ այլ էակի գոյությունը: Դա այնքան էլ պարզ բան չէ: Թեպետ շատ ֆիլմերում այնպես են ներկայացվում, թե դա ամենաբնական, պարզ բանն է, բայց փաստորեն այնքան էլ հեշտ չէ մարդկանց մտերմությունը եւ վստահությունը ձեռք բերելը: Դրանք չեն առաջանում անմիջապես: Դա մի հարց է, որն ինձ միշտ գրավել է եւ դա է պատճառը, որ ֆիլմում պատմությունները պատմվում են հենց այդ ձեւով:
Ֆիլմը նաեւ այն մարդկանց մասին է, որոնք փնտրում են այն անձին, որը կարող է իրենց ինչ-որ բան պատմել իրենց կյանքի մասին: Սաբինը կամ Թոմը, երկուսն էլ կարիք ունեն միմյանց պատմություններ պատմելու, իսկ Սիմոնը կարիք ունի ունկնդրելու: Այսպիսով, ես ավելի մտահոգված եմ եղել իմ կերպարների զգայական հարցերով ի հակադրություն նոր տեխնոլոգիաների: Տեխնոլոլգիան ընդամենը միջոց է մարդկանց համար գտնելու կամ զգալու այն, ինչն իրենց արգելված ու մերժված է եղել»:
Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմը մեր կինոսերները կդիտեն հուլիսի 20-ինՙ «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի փակման օրը:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ