Կաննի 61-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկե ծիրանն» առաջին անգամ արժանացավ ջերմ ուշադրության, որի փայլուն վկայությունը Ֆրանսիայում «Ոսկե ծիրանի» ներկայացուցիչ Ռայմոնդ Եզեկելյանի տանը մայիսի 23-ին անցկացված ընդունելությունն էր, մասնակցությամբ բազմաթիվ կինոգործիչների, պրոդյուսերների, հեղինակավոր փառատոների կազմակերպիչների: Հյուրերին պատվել են «Ոսկե ծիրանի» նախագահ Ատոմ Էգոյանը եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ընդունելությանը ներկա են եղել մեր փառատոնի հին եւ նոր բարեկամներըՙ ֆրանսիացի կինոռեժիսոր Բրունո Դյումոնը, որն այս տարի Կաննի Ոսկե խցիկ մրցույթի ժյուրիի նախագահն էր, կինոռեժիսորներ Հու Սյաո Սյանը, Վիմ Վենդերսը եւ ուրիշներ: «Ազգի» հետ հեռախոսազրույցում «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ մեր փառատոնի հանդեպ ուշադրությունը չափազանց մեծ է, հայկական կինոն հետաքրքրում է շատերի եւ մեծ թիվ են կազմում մեր փառատոնին այս տարի մասնակցելու ցանկություն ունեցողները:
«Ոսկե ծիրանի» ընդունելությունն ուղղակի հրաշալի անցավ, մինչեւ ուշ գիշեր հյուրերը զրուցում էին մեզ հետ հայկական կինոյի եւ Հայաստանի մասին: Այնքան ջերմ ու հարազատ մթնոլորտ էր ստեղծվել: Մեր փառատոնը ճանաչվեց Կաննում, մնում է, որ մյուս տարի պավիլիոն ունենանք, որ հայկական կինոն ավելի լավ ներկայացնենք այստեղ: Ուկրաինան եւ Վրաստանը արդեն հասել են դրան, չնայած որ Կաննի ծրագրում հայկական ֆիլմերն ավելի շատ են: Մեր ֆիլմերը ցուցադրելու հետ փորձում ենք Կաննի մյրցութային եւ արտամրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերից մի քանիսը բերելլ մեր փառատոն», ասաց Հարություն Խաչատրյանը: Ընդունելությանը ներկա են եղել նաեւ Կաննի կինոփառատոնին մասնակցող Դիանա Մկրտչյանը, գյումրեցի երիտասարդ Արման Թադեւոսյանը իր գերմանացի պրոդյուսերի հետ, Վրեժ Քասունու «Սեր եւ ...» ֆիլմի դերասանուհի Անուշ Եզեկելյանը եւ ուրիշներ:
«Ոսկե ծիրանի» տնօրենը երեկ Կաննից մեկնել էր Փարիզ, որտեղ Ելիսեյան Դաշտեր 34 հասցեում բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆրանսիական ներկայացուցչությունը:
«Ոսկե ծիրանը» առաջին անգամ Կաննում ներկայացնելուն աջակցել էին նաեւ «Արցախ ալկո» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը եւ Եզեկելյանների ընտանիքը: