Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ընդամենը 6 տուր է կայացել, սակայն արդեն 2-րդ թիմում է գլխավոր մարզչի պաշտոնանկություն գրանցվում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, «Կիլիկիայից» հեռացել է թիմի գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանը: Երկկողմանի համաձայնությամբ նրա հետ կնքած պայմանագիրը չեղյալ է համարվել: Պատճառն ակնհայտ է. «Կիլիկիան» պարտվել է բոլոր 6 խաղերում էլ: Ներկայում գլխավոր մարզչի պարտականությունները դրվել են թիմի մարզիչ Արմեն Մարտիրոսյանի վրա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ