Մայիսյան հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման մասին Ազգային գրադարանի արխիվը շատ մեծ է: Հազարավոր օտարալեզու գրքեր, պատմական ակնարկներ, լուսանկարներ, հոդվածներ ու երաժշտական ստեղծագործություններ, որոնք պատմում են Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի, Հայաստանի քաղաքական կուսակցությունների, Սիմոն Վրացյանի գործունեության մասին: Եթե ԱԳ-ի տնօրինությանը մտահոգում է, որ դեռեւս կազմված չէ առաջին հանրապետության մատենագիտությունը, ապա պատմաբան Լեւոն Շիրինյանն ահազանգում է, որ մայիսյան հերոսամարտը ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք: «Խնդիրն ավգյան ախոռը մաքրելն է, պատմական ճշմարտության վերհանումը: Խորհրդահայ պատմագրությունը սխալ հիմքերով է մեկնաբանվածՙ ազգային ոգին կոտրելու մտայնությամբ»:
Երեկ մայիսյան հերոսամարտի 90-ամյակի կապակցությամբ ԱԳ-ում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ներկայացված էին Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված գրքեր, լուսանկարներ, հոդվածներ: Լեւոն Շիրինյանն էլ ներկայացրեց մայիսյան հերոսամարտի դերը համաշխարհային պատմության շրջանակներում: Միջոցառումը եզրափակվեց ուսանողների հայրենասիրական երգերի կատարմամբ:
Հ. Հ.