«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


«ԵՐԵՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Պոնտոսի ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար Թուրքիան դատապարտում է Հունաստանին

Մայիսի 26-ին Թուրքիայի արտգործնախարարությունը «Պոնտոսի ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա» արարողությունների համար խստագույնս դատապարտել է Հունաստանին: Հայտարարության մեջ նշվում է, որ 1994-ի փետրվարի 24-ին Հունաստանի խորհրդարանի ընդունած օրենքին համապատասխան կազմակերպվող «այսպես կոչված Պոնտոսի ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա» արարողությունները հակասում են երկու երկրների երկխոսության եւ համագործակցության ոգուն, շարունակելով. «Խստագույնս դատապարտում ենք այն, որ խնդրո առարկա արարողությունները թիրախ են դարձրել մեր երկրին եւ հանրապետության հիմնադիր Աթաթուրքին: Զարմանքով ենք նկատում, որ ողջամտությանն անհարիր այս մոտեցումը ելնում է պատմության թյուրըմբռնումից: Պատմական իրողությունների հետ առերեսման կոչ ենք անում նման պնդումների հեղինակներին: Այս տարվա արարողություններին Հունաստանի խորհրդարանի անդամների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների, տեղական իշխանության եւ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությունն ակնհայտ ցույց է տալիս, թե ովքեր են աջակցում մեր երկրի դեմ ուղղված անհիմն պնդումներին»:

Ինչ վերաբերում է Պոնտոսի ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, ապա մինչ դրանց անդրադառնալը նշենք, որ Հունաստանի խորհրդարանի վերոհիշյալՙ 1994-ի փետրվարի 24-ի որոշմամբ մայիսի 19 հռչակվել էր պոնտացի հույների ցեղասպանության հիշատակի օր: Մինչդեռ դա Թուրքիայում նշվում է որպես «Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության եւ սպորտի» տոն, որովհետեւ Քեմալ Աթաթուրքը 1919-ի հենց մայիսի 19-ին է ձեռնամուխ եղել ազգային պատերազմների, որոնք ավարտվեցին թուրքական այսպես կոչված ազգային պետության ստեղծմամբ:

Արարողություններն սկսվել են մայիսի 18-ին Սալոնիկի Այա Սոֆիա եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետեւ ծաղկեպսակ է դրվել ցեղասպանության հուշարձանին եւ կազմակերպվել է երթ դեպի Թուրքիայի հյուպատոսարան: Մայիսի 19-ին Պոնտոսի ցեղասպանության 350 հազար հույն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ են կազմակերպվել նաեւ Աթենքում, որոնք ավարտվել են Թուրքիայի դեսպանատան առջեւ կատարված ցույցով:

Ակամա հարց է ծագում, եթե Պոնտոսի ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններն սկսվել են մայիսի 18-ին, ապա ինչո՞ւ Թուրքիայի արտգործնախարարությունը դրանց արձագանքել է մայիսի 26-ին: Ըստ երեւույթին դա պայմանավորված է արարողությունների մեկշաբաթյա տեւողությամբ, ինչպես նաեւ «Երեք ցեղասպանություն եւ մեկ ընդհանուր ռազմավարություն» թեմայով նախորդ օրը Հունաստանում կազմակերպված միջոցառմամբ: Ի դեպ, այդ մասին թուրքական լրատվամիջոցներից միայն հանրային հեռուստատեսությունն է նշել, այն էլ բանավոր, առանց կայքէջում անդրադառնալու: Այս իսկ պատճառով միջոցառման մանրամասները հայտնի չեն: Սակայն կարելի է ենթադրել, որ 1915-23-ին կատարված ցեղասպանությունները վերաբերում են հայերին, ասորիներին, պոնտացի հույներին, իսկ մեկ ընդհանուր ռազմավարությունը ենթադրում է դրանց միջազգային ճանաչումը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4