«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր ծրագրերը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը մեծապես կարեւորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին երեկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստի բացմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, կանի հնարավորը` Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ հարաբերություններում հիմնադրամի արդյունավետությունը բարձր տեսնելու համար:
Սերժ Սարգսյանի խոսքերով, հիմնադրամը կայացման երկար ուղի է անցել` այս նիստում արդար, բաց ու բազմակողմանի քննարկում անցկացնելու հնարավորությամբ: Ըստ ՀՀ նախագահի, «Կարծում եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք մեր անցած ճանապարհի ամբողջական վերլուծությունը կատարելու եւ հիմնադրամի առաջիկա անելիքները ծրագրելու առումով»:
Խորհրդի նախագահը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր եւ նորանշանակ նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին խորհրդի կազմում ընդգրկելու մասին:
Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հոգաբարձուների խորհուրդը 10 տարիների ընթացքում ղեկավարելու համար: Նշվեց նաեւ, որ անցյալ տարվա ընթացքում մեծացել է հիմնադրամի նվիրատու անդամների ցանկը, մասնավորապես, ի դեմս Գերմանիայից նվիրատու Մարտին Վեյդեմանի, «Վիվասել»-ի, «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկի, «Արդշինինվեստ» բանկի, «Ղարաբաղ-տելեկոմի» եւ գործարար Միքայել Բաղդասարովի, Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Մանուկյանի:
Խորհրդի նիստում 2007-ի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ 2007-ի ֆինանսական մուտքերը հիմնադրամ կազմել են մոտ 22 մլն դոլար, որից 11 մլն-ը տրամադրվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ եւ նոր կյանքի կոչվող ծրագրերին, նույնքան գումար` Հայաստանում նախաձեռնված ծրագրերին:
Ըստ Վահե Աղաբեկյանցի, հիմնադրամը 2008 թվականին հիմնական ֆինանսավորումը կուղղի Ղարաբաղին եւ գյուղատնտեսությանը, ընդ որում, ֆինանսավորումն ավելի նեղ ուղղվածություն կունենա, բայց այդ ուղղությունները կորոշվեն ավելի ուշ: Բոլոր ծրագրերը ներկայումս ընթացքի մեջ են, արտարժույթի տատանումների եւ շինանյութի գների աճի պատճառով չեղյալ է հայտարարվել երկու կարեւոր ծրագիր` Մարտակերտի հիվանդանոցի եւ մեկ ջրագծի կառուցումը: Աղաբեկյանցի բնորոշմամբ, «Արցախի ողնաշարը կազմող Հյուսիս-հարավ մայրուղու» բաց հատվածների կառուցման մասով ձեռք է բերվել եռակողմ համաձայնություն` ԼՂՀ կառավարության, կապալառուի եւ հիմնադրամի միջեւ:
Առաջիկա տարվա ընթացքում կշարունակվեն իրականացվող ծրագրերը, հիմնական ուղղվածությունը կմնա Հայաստանում ու Արցախում կատարվելիք բազմազան անհրաժեշտ ծրագրերը: Աշխատանքները կշարունակվեն նաեւ Գյուղական զարգացման ծրագրի իրականացման ուղղությամբ: Աղաբեկյանցի խոսքերով, հիմնադրամը մինչ այժմ եղել է ենթակառուցվածքներ վերականգնող մարմին, եւ զարգացման ծրագրերը նորություն են գործունեության մեջ:
Հստակեցվել է, որ Տավուշի վեց գյուղերից բաղկացած միկրոշրջանին զուգահեռ` աշխատանքներ կտարվեն Լոռու մարզի հինգ գյուղերում: Նախատեսվում է, որ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի երեք գյուղերում էլ ենթակառուցվածքների վերականգնման ու տնտեսական զարգացման գործը հանձն կառնի իրանահայ համայնքը:
Հոգաբարձուների խորհրդին Աղաբեկյանցն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում կուսումնասիրի հիմնադրամի կառուցվածքը եւ հանդես կգա բարեփոխումների առաջարկների փաթեթով: «Տասնհինգամյա վաղեմություն ունեցող կառույցը թեեւ ունի հարուստ փորձ, ինքնահաստատված է, սակայն ցանկացած ապրող օրգանիզմի պես արդիականացման կարիք ունի, որպեսզի կարողանա քայլել ժամանակին համընթաց, այս նոր մարտահրավերներին կարողանա լիարժեք դիմագրավել»: Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, դեռեւս 1992 թվականին ստեղծված կազմակերպության կառուցվածքը, կանոնադրությունը, հաստիքացուցակը փոփոխման կարիք ունեն: Ավանդույթն այս տարի եւս չի խախտվի, ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերին:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքերով` հիմնադրամն ստեղծվել է համազգային նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու նպատակով եւ կառույցին հաջողվել է անցած տարիների ընթացքում կատարել իր առաքելությունը:
Արցախը, նախագահ Սահակյանի խոսքերով, հումանիտար ծրագրերից անցում է կատարել, բայց սոցիալական լարվածության տարրերը շարունակում են տեղ գտնել երկրի կյանքում: «Խորհուրդը լավագույն տեղն է բարձրացնելու հարցերը եւ քննարկման թեմա դարձնելու», նկատեց ԼՂՀ նախագահը, տեղեկացնելով, որ նիստում խոսվել է գյուղի զարգացման ծրագրերի մասին:
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները գյուղի զարգացման ծրագիրը որակել են ոչ միայն որպես միջոց երկրի տնտեսությունը զարգացնելու, այլեւ գյուղի զարգացումը ԼՂՀ իշխանությունների կողմից դիտվում է որպես երկրի անվտանգության պաշտպանության հիմնական բաղադրիչ»: Բակո Սահակյանի խոսքերով` կառավարության եւ հիմնադրամի ջանքերը համատեղվում են այդ ուղղությամբ. աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է գործնական կեցվածք դրսեւորել: