«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


«ՓՈՂՈՑՈՒՄ ԲԱԶՈՒԿՆԵՐԻ ՈՒԺՈՎ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

ՀՀ նախագահի մամլո քարտուղարը խոսում է օրենքի առաջ հավասարությունից

«Փաստը, որ ոստիկանության աշխատակցի եւ պատգամավորի որդու միջեւ (որ նաեւ դատախազության համակարգի աշխատակից է), տեղի է ունեցել նման տհաճ միջադեպ, անհասկանալի է եւ անընդունելի», «Ազգի» հարցին ի պատասխան երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը հայտարարեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

Խոսքը վերաբերում է այն տեղեկատվությանը, որում նշվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դավիթ Ղազարյանին ծեծելու փաստի մասին: Ըստ այդմ, ոստիկանը Մյասնիկյան պողոտայում իր անձնական մեքենայով բախվել է «Մերսեդես C» մեքենայի, որի վարորդը իր ընկերների հետ ծեծի է ենթարկել ոստիկանին: Ըստ որոշ տեղեկությունների, ներգրավված են պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին եւ ոմն Գառնիկ Մուրադյան, ով, որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, պատգամավոր Գուլոյանի որդու ընկերն է:

Հարուցվել էր քրեական գործ, այնուհետեւ գլխավոր դատախազի ցուցումով գործը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Սամվել Ֆարմանյանը վստահեցրեց, որ դեպքի հանգամանքները կպարզվեն եւ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ փողոցում բազուկների ուժով հարցեր լուծելու ժամանակներն անցել են... 21-րդ դարում հարգանքի ավելի արժանի է եւ զորեղ մտքի ու ինտելեկտի ուժը: ՀՀ սահմանադրությունը, օրենսդրությունը որեւէ արտոնություն չեն սահմանում որեւէ մեկի համար. լինի ոստիկան, դատախազության համակարգի աշխատակից, պատգամավորի տղա, թե քեռորդի»:

Նախագահի մամլո քարտուղարն «Ազգի» խնդրանքով անդրադարձավ նաեւ Հայաստանի նախագահի` Հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնության ընթացքին: Ըստ Ֆարմանյանի, Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորում է Հանրային խորհուրդն ու դրա հետագա դերակատարությունը: Նաեւ Հանրային խորհրդի ձեւավորմամբ է նախագահ Սարգսյանը տեսնում երկխոսության ծավալումը հասարակության տարբեր շերտերի միջեւ կարծիքների, մոտեցումների մեկտեղման, համադրման համար: Հայաստանի նախագահը նաեւ աշխատակազմին հանձնարարել է տասնօրյա ժամկետում կազմակերպել քննարկումներ տարբեր շերտերի մասնակցությամբ ձեւավորելու աշխատանքային խումբ: Հավանաբար առաջիկա 4-5 օրերի ընթացքում այդ գործընթացը կավարտվի եւ կներկայացվեն առաջարկություններ:

«Հանրային խորհրդի սեփականության իրավունքը հանրությանն է, եւ ինչքանով այնտեղ ներկայացված լինեն հասարակության տարբեր կարծիքները, այդքանով աշխատանքը կարող է շահել: Բացի այդ, Հանրային խորհրդից ակնկալիքները մեծ են, նախագահի այս նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել», նշեց ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացանք նաեւ, որ ոստիկանի կողմից որպես ծեծի ենթարկող ճանաչված անձը պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4