«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ՀՅԴ-Ն ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ծաղկաձորում ավարտվեց ՀՅԴ ընդհանուր ժողովը, ընտրվեց նոր բյուրոյի կազմ` Հրանտ Մարգարյան (բյուրոյի ներկայացուցիչ), Վահան Հովհաննիսյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան, Լեւոն Մկրտչյան, Վիգեն Բաղումյան, Մկրտիչ Մկրտչյան, Հակոբ Տեր-Խաչատուրյան, Վիգեն Հովսեփյան, Հայկ Օշական, Մարիո Նալբանդյան: Բյուրոյի անդամներից 5-ը Հայաստանից են, որի մեջ մեր երեք նախարարներն են: Երեկ ասուլիս տված Հրանտ Մարգարյանը անակնկալ մատուցեց` բյուրոյի անդամ երեք նախարարներն էլ հրաժարվել են իրենց նախարարական պաշտոններից. «Նախարարներին ընտրելով բյուրոյի կազմում` ժողովն անակնկալ մատուցեց մեզՙ բոլորիս», իր կողմից նկատեց Հ. Մարգարյանը:

Անդրադարձ անելով, իր խոսքերով, «ՀՀՇ-ական մամուլին», որտեղ ժողովի ընթացքում բավական անհաճո անդրադարձներ էին եղել իր հասցեին` Լեւոն-Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատության համար, Հ. Մարգարյանը ասաց, որ այդ մակարդակին չեն իջնելու, գաղափարական-քաղաքական պայքարի կողմնակից են:

Ասենք, որ անակնկալի մասով Հ. Մարգարյանի ասածն իսկապես տեղին է, քանի որ ՀՅԴ-ական 3 նախարարներն էլ եռանդով ձեռնամուխ էին եղել իրենց գործին` Լ. Մկրտչյանը շարունակում էր Բոլոնյան պայմանագրով բարեփոխումները, Աղվան Վարդանյանը խորացել էր համակարգում եւ հստակ գիտեր բոլոր հարցերի պատասխանը, Դ. Լոքյանի, ավելի ճիշտ` գյուղնախարարի լիազորությունները երբեք այսքան լայն չէին եղել, Լոքյանն էլ կարծես այդ լիազորությունները դեռ գործի չէր դրել: Արդյոք ինչ-որ այլ պատճառ կա՞ այս պաշտոնահրաժարումների տակ, արդյոք ինչ-որ ենթատեքստ կա՞, որի մասին հրապարակավ լռում է ՀՅԴ-ն. ՀՅԴ գերագույն մարմնի մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը երեկ խորհուրդ տվեց այլ ենթատեքստեր չփնտրել, այլ հավատալ իր եւ իր դաշնակցական ընկերների խոսքին, այն է` քանի որ ընտրվել են բյուրոյի անդամ, իրենք են հայտարարել պաշտոններից հրաժարվելու մասին, իրենց որոշումն է դա. «Որեւէ անպատեհություն չունեինք, նախարարը կարող էր լինել բյուրոյի անդամ, այսինքնՙ բյուրոյի անդամ լինելը չի ենթադրում, որ ինքը պետք է դուրս գա նախարարությունից, բայց մեր երեք նախարարները դիմում են գրել եւ դուրս են գալիս նախարարի պաշտոններից, չեն կարող համատեղել նախարարի աշխատանքը բյուրոյի անդամության աշխատանքի հետ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կուսակցությունը նրանց կփոխարինի նոր մարդկանցով»:

Փաստորեն` ՀՅԴ նախարարները գերադասել են բյուրոյի անդամությունը նախարար լինելուց, այդպես է ստացվում: Շարունակեցինք փորփրել, թե արդյոք որեւէ քաղաքական դրդապատճառ, ներքին խռովություն չկա, ինչպես որ ասեկոսեների մակարդակով խոսվում է: Սեյրանյանը պնդեց` որեւէ նման խնդիր չկա՞: Իսկ մյուս բյուրոյականներից որեւէ մեկը կարո՞ղ է դառնալ նախարար: Ըստ Ս. Սեյրանյանի` թեեւ իրենց կանոնակարգը որեւէ սահմանափակում չի դնում, սակայնՙ հազիվ թե:

Մեր դիտարկմանը, թե կառավարությանը անսպասելիության առաջ եք կանգնեցնում, նոր նախարարները դեռ երկար կուսումնասիրեն ոլորտները, եւ մինչեւ հունի մեջ ընկնեն, աշխատանքը կուշանա. Ս. Սեյրանյանը նկատեց, որ կուսակցությունը բանիմաց մարդկանց կգործուղի որպես նախարարների, այդպիսի խնդիր չի ծագի, բացի այդ էլ դա է ճանապարհը` կոալիցիայի պայմանագրով Դաշնակցությունն է որոշում, թե ո՞վ են իր նախարարները: Մնում էր, որ ՀՅԴ ընդհանուր ժողովը կառավարություն կազմելուց առաջ լիներ, կամ էլ հակառակը:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի մամլո խոսնակից հետաքրքրվեցինքՙ արդյոք ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է դատի տալ «Հայկական ժամանակին», որը Հրանտ Մարգարյանին նարկոբարոն էր անվանել. «Հայկական ժամանակի» որեւէ հրապարակման չեմ պատրաստվում անդրադառնալ: Ամեն մեկը իր մակարդակով թող մեղադրանքներ հնչեցնի` մեր խնդիրը չէ նման հրապարակման պատասխանելը»:

ՀՅԴ գերագույն մարմինն իր նիստում է որոշելու, թե ո՞ր երեքին ուղարկի կառավարություն:

Մ. Խ.

Հ. Գ. - «Ազգի» տեղեկություններով, Սպարտակ Սեյրանյանը համարվում է կրթության եւ գիտության նախարարի թեկնածու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4