«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ 24,9 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ

Այն կուղղվի Երեւանում խմելու ջրի համակարգի բարելավմանը

Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 24,9 մլն եվրո Երեւանում խմելու ջրի համակարգի բարելավման եւ մաքրման ծրագրի իրագործման համար: Այդ մասին երեկ պայմանագիր ստորագրեցին Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Ինչպես հայտնեց ֆինանսների նախարարը, Հայաստանը համաֆինանսավորում կիրականացնի, այդ ծրագրին տրամադրելով 2,4 մլն եվրո: Ֆրանսիական վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններովՙ 20 տարի ժամկետով, որից 5 տարին առանց տոկոսադրույքի, այնուհետեւՙ 1,75 տոկոսով: Վերոնշյալ 24,9 մլն եվրոյից 500 հազարը տրամադրվում է որպես դրամաշնորհ տեխնիկական աջակցության համար:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել «Աերացիա» կայանի վերականգնման, խմելու ջրի ցանցի մասնակի վերականգնման եւ էլեկտրամեխանիկական ու հիդրավլիկ սարքավորումներով առավել ապահով ջրամատակարարմանն ուղղված աշխատանքներ: Նախատեսվում է նաեւ նոր խողովակաշարերի անցկացում, նոր ջրագծերի միացում եւ ցանցի ընդլայնում:

Իր խոսքում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ այս ծրագրի իրագործման գաղափարն առաջացել է 2006-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած այցելության ժամանակ, ապա անդրադարձ կատարվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ: Ֆրանսիական կառավարությունը երկու տարի առաջ որոշեց զարգացող երկրների համար նախատեսված գումարներից Հայաստանին տրամադրել երեկվա պայմանագրով ամրագրված գումարը:

Տիգրան Դավթյանն այն կարծիքը հայտնեց, որ վարկի տրամադրումը վկայում է, որ Ֆրանսիայի կառավարությունը հավատում եւ վստահում է Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությանը: Հիշեցնելով, որ նախորդ ամիս այսպիսի պայմանագիր է կնքվել նաեւ Գերմանիայի կառավարության հետ, ֆինանսների նախարարը նշեց, որ այդ վստահությունը փաստորեն միայն ֆրանսիական կառավարությամբ չի սահմանափակվում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4