Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ քննարկեց մի շարք ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2006-ին եւ 2007-ի առաջին 9 ամիսներին Հայաստան դեղեր են ներմուծել համապատասխանաբար 75 եւ 61 ընկերություններ, իսկ Հայաստանում դեղերի արտադրության լիցենզիաներ ունեն 17 տնտեսվարողներ: Իրացվող դեղերը բաժանվել են ըստ 10 հիմնական դեղախմբերիՙ անզգայացնող, ակնաբուժական, ալերգիայի եւ անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող, սրտանոթային, հակավարակային, հոգեմետ, ստամոքսաաղիքային, վարակազերծող եւ հականեխիչ, մաշկային հիվանդությունների դեմ կիրառվող եւ ցավազրկող, տենդմարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր: Վերոնշյալ դեղախմբերից մի քանիսում հանձնաժողովի որոշմամբ որպես գերիշխող դիրք ունեցողներ գրանցվեցին «Ալֆա Ֆարմ», «Ֆարմատեք», «Նյու ինտերնեյշընլ բիզնես ֆարմ» ընկերությունները:
Ազոտական պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք ունեցող ճանաչվեց «Դվին հոլդինգը» եւ նրա ստեղծած «Ազոտինվեստ» ընկերություններըՙ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ:
«Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում դեռ 2003-ից գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան, որը դիմել էր հանձնաժողովին, խնդրելով վերանայել գերիշխող դիրք ունենալու որոշումը, քանի որ շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել: Մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրությունից պարզվել էր, որ այս ընկերությունը 2007-ի ցուցանիշներով պահպանել էր իր գերիշխող դիրքը: Այդուհանդերձ, հարցի առնչությամբ երեկ հանձնաժողովը որոշում չընդունեց, քանի որ վերոնշյալ ընկերության ներկայացուցիչը խնդրեց հետաձգել քննարկումը, ասելով, որ պատրաստվում է ներկայացնել էական նշանակություն ունեցող տվյալներ:
Ա. Մ.