«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ԲԱԶՈՒՄՔ ԵՆ ԿՈՉԵՑՅԱԼՔ, ԵՎ ՍԱԿԱՎՙ ԸՆՏՐԵԱԼՔ ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆ

Հանդիսատեսն Արթուր Ութմազյանին այնքան վաղուց գիտի, կարծես ծնվել են միաժամանակ եւ միասին ապրել հայ թատերական կյանքը: Այսպես հազվադեպ է պատահում, հաճախ չենք ճանաչում մինչեւ անգամ մեր «հարեւան» դերասանին: Մեղավորը մենք չենք, այլ նա, ով չի կարողանում զրուցել մեր հուզաշխարհի հետՙ իր անդիմության պատճառով: «Դեմք»-ը մեծ ու խոր բառ է յուրաքանչյուր իսկական արվեստագետի դեպքում, նրա մատնադրոշմը, որ, ինչպես գիտենք, չի կրկնվում, մյուսներից տարբեր է ու ինքնահատուկ, դերասանի պարագայում այն ոչ միայն նրա դեմքն է, այլեւ լեզուն, սիրտն ու ամբողջ ներաշխարհը, որոնք ծիծաղում են, տխրում, զայրանում, տառապումՙ վերապրելով մարդկային գոյի կատակերգությունն ու դրաման: Այսպես եմ տեսնում Արթուրին ահա շուրջ չորս տասնամյակՙ իր առաջին սկսնակ քայլերից մինչեւ ներկայիս բարձրակարգ ու վարպետ խաղարկումները Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմահարթակի վրա:

Պետք է հավատալ, որ արվեստագետ դառնում են ոչ միայն շատ կարեւոր ուսումնառությամբ, այլեւ արյան կանչով, որը մշտապես ղողանջում է նրա մեջ: Արթուր Ութմազյանը մտավորականների ընտանիքից է, հայրըՙ պատմաբան Հայկարամ Ութմազյանը, մայրըՙ ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանը, որի ասմունքի գեղեցիկ ձայնը, կես դար եւ ավելի, հայոց լեզվի ու հայ գրականության անզուգական պատկերներ է ներարկել մեր հոգիներին: Այս «ծննդաբանությունը» չխանգարեց, որ Արթուրը դառնա իր նման` հանդես բերելով յուրահատկության նոր ու թանկ գունագծեր: Մենք դերասանական արվեստի բարձր ավանդներ ունենք, որոնց հնարավոր է հեշտությամբ կուլ գնալՙ ընդօրինակելով, իհարկե ոչ «բնագրի» մակարդակում: Մարտիրոս Սարյանն է ասելՙ «Ով ուզում է ինձ շարունակել, իմ նման չպետք է նկարի (սա վերաբերում է արվեստի բոլոր ճյուղերին, նաեւՙ գրականությանը): Որքան շնորհալի նկարիչներ, ի վերջո, շնորհազրկվեցին, նկարելով Վարպետի պես, փոխանակ նրա հոգու բնույթը որսալու: Ութմազյանն անցավ հայոց դերասանական դպրոց, սակայն չմնաց թեկուզ եւ գերազանցիկ աշակերտի կարգավիճակում, այլ փորձեց ու գտավ իր դեմքը եւ արդեն իսկ վավերագրել է իր մատնադրոշմն արդի հայ թատրոնում, որով կարելի է անսխալ բռնել նրան եւ չշփոթել ուրիշ «հանցագործի» հետ:

Արթուր Ութմազյանի ստեղծագործական կյանքն սկսվեց դրամատիկականից: Այս ինքնատիպ թատրոնը, որն այս տարի դառնում է քառասուն տարեկան, հիանալի մթնոլորտ եղավ նրա բնական շնորհների ծաղկման համար, ինքն էլ, իր հերթին, մյուս երեւելիների հետ, ծաղկեցրեց թատրոնի բեմահարթակը, որտեղ, գուցե ավելի, քան մեր մեկ այլ թատրոնում, ստեղծվեցին ժամանակակից հայ թատերարվեստի ծանրակշիռ արժեքներ, մտածողություն ու սկզբունքներ: Արթուրը եւ իր հարազատ թատրոնը հասկացան միմյանց եւ նայեցին նույն ուղղությամբՙ ներկայիս առաջադեմ միտումներին եւ զարգացման վաղվա օրվան: Այստեղ նա մարմնավորեց մի քանի տասնյակ կերպարներ հայ եւ համաշխարհային դրամատուրգիայիցՙ կենցաղային ու կատակերգական զգեստավորմամբ, սակայն բուն-արմատական Արթուր Ութմազյանն իր ամբողջ ու բազմաշերտ տաղանդով ի հայտ եկավ ողբերգական դերախաղերում, մասնավորապեսՙ Հուդան Պ. Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը» դրամայում եւ Մակբեթըՙ Շեքսպիրի համանուն ողբերգության մեջ (բեմադրություններըՙ Ա. Խանդիկյանի): Համարձակություն էր անհրաժեշտ բարձրացնելու մարդկային ու հասարակական կյանքի ամենալարված, սահմանային վիճակիՙ ողբերգության ծանրաձողը, որի տակ շատերի ոտքերն են համեստ հնարավորությունների եւ թույլ կամքի պատճառով ծալվել, քանզի ցանկությունը, որքան էլ բարի ու ազնիվ, այստեղ վճռորոշ չէ, ծանրաձողին, որ քեզանից ծանր է, տիրել է պետք, ենթարկել քեզ, քո կամքը թելադրել նրան, Արթուր Ութմազյանը (դարձյալ դիմեմ այս մարզաձեւի զուգահեռին), ծանրաձողը բարձրացրեց առաջին իսկ մոտեցմամբՙ հաստատելով ինչպես իր, այնպես էլ արդի հայ դերասանական արվեստի մի ակնառու հաջողությունը: Հուդա եւ Մակբեթ Ութմազյանն ապացուցեց, որ ինքն ի վիճակի է ողբերգակ արտիստի մակարդակով ոչ միայն զգալ, այլեւ պատկերել ողբերգական ճակատագիր եւ հոգեվիճակներ:

Կյանքում քչախոս Արթուր Ութմազյանը, ես այդպես գիտեմ նրան, բեմահարթակին դառնում է շատախոս, որը չի վերածվում արտաքին շատախոսության, նա լռելյայն էլ է խոսում, նրա շարժումը, դադարները, սպասումը, մտածմունքը, որ իր ներսն է ուղղված, մեր հայացքի առջեւ աստիճանաբար նկարում-քանդակում են կերպարը, ցուցադրում նրա հոգեվիճակը, գործողությունը, դրաման, համաձայնությունն ու անհամաձայնությունն աշխարհի հետ: Սա դերասանի արտիստիզմն էՙ խոսքով թե անխոս, մանավանդՙ անխոս, ստիպել հանդիսատեսին լսելու իրեն, գնալու ոչ միայն բառի, այլեւ լռության հետեւից: «Հիսուսում» սեւազգեստ Հուդայի էքսպոզիցիոն ելումուտը դերասանական այս հատկանիշի փայլուն մի վկայությունն է, որպիսին հանդիպում ենք նրա շատ ու տարբեր խաղարկություններում:

Արթուրը մարմնավորել է տարաբնույթ դրամատուրգիական կերպարներ, որ ինքնին նրա դերասանական արվեստի բազմաշերտության վկայությունն է, նա, այսպես ասած, մեկ լարի դերասան չէ, թեեւ գիտենք նաեւ մեկ լարի վրա նվագող մեծանուն համաշխարհային դեմքերիՙ ողբերգակ արտիստներն ու կատակերգակները, սրանով ցանկանում եմ ընդամենը նշել նրա տեսակըՙ բազմաշերտ ու միասնական: Նա մտածող դերասանի օրինակ է եւ ոչ թե շատերի պես խոսքն անգիր անող, կարողանում է արտահայտել ինչպես բառիմաստը, այնպես էլ դրա ենթատեքստըՙ տրամադրություն, զգացմունք, միտքՙ չգրված բառը: Այդ բարձր ու բացառիկ շնորհը հիանալի է արտահայտվել «Անվերջ վերադարձ» ներկայացման մեջ (դրամատիկական ֆանտազիա ըստ Պարույր Սեւակի, բեմադրիչՙ Ա. Խանդիկյան), որտեղ Ութմազյանը կատարում է հետչարենցյան շրջանի մեր ամենանորարար բանաստեղծի դերը, ահա երկու տասնամյակ հանդիսատեսին վարակելով նրա գեղագիտական, ազգային, քաղաքական հուզմունքներով, սեղմելով հարազատ ժողովրդին եւ մեր ժամանակին մեկնված Սեւակի ձեռքը: Այս դերախաղը խորհրդանշեց Արթուր Ութմազյանի հարազատությունն իր ժամանակակիցների հուզաշխարհին, նա դարձավ սերունդ մարմնավորող եւ ահել թե ջահել սերնդի դերասան:

Համառոտ հոդվածում, ինչպիսին սա է, անհնարին է անդրադառնալ մեր վաթսունամյա արտիստի լուսոլորտի բոլոր գույներին, դա արել է թատերագետ Լեւոն Մութաֆյանըՙ վերջերս հրատարակված իր մենագրության մեջ, որն ընթերցողին խնդրում եմ ընթերցել: Այո՛, ժողովրդական արտիստ ոչ միայն պետական պատվավոր կոչումով, այլեւ ըստ էությանՙ Հայաստանում եւ սփյուռքում, ժամանակակից հայ ժողովրդի սիրելիներից, մեկը նրանցից, ովքեր հաստատում են, որ հայ թատրոնն անմահ է, թեեւ այս տեսակետն ընդդիմադիրներ էլ ունի: Այո՛, ընտիր ասմունքող, որն իր շնորհալի դստերՙ Հրաչուհի Ութմազյանի հետ ներկայացնում է հայերիս պոեզիանՙ իր նման, իր ձայնով, իր մեկնաբանությամբ:

Ռեժիսուրանՙ պրոֆեսիոնալ բեմադրիչի արվեստը, դերասանի արվեստի զուգահեռում համեմատաբար նոր երեւույթ է հայ թատրոնում, գուցե նաեւ այլուր: Բարեբախտություն է, թատրոնի զարգացման գլխավոր նշաններից մեկը, որ քսաներորդ դարում ռեժիսուրան դարձավ թատերական ներկայացման կնքահայրը (կարծեմ կնքամայր չի լինում), երեւելի ռեժիսորների դեպքումՙ ամբողջ ներկայացման մտահղացումը, գաղափարը, զսպանակն ու գեղագիտական կառույցը: Արթուր Ութմազյանի բախտը բերել է նաեւ նրանով, որ նա իր ամբողջ ստեղծագործական կյանքում վառ ու ինքնատիպ այնպիսի ռեժիսորի կողքին է, ինչպիսին ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանն է, որին չես շփոթի ոչ մեկի հետ, եթե անգամ բեմադրության ազդարարագրերում անուն-ազգանունը բացակայի: Նա ունի ոչ միայն ձեռագիր, այլեւ իր հայացքն ու հայացքի ուղղությունը, որը բարերար ազդեցություն գործեց ոչ միայն Արթուրի ստեղծագործության վրա:

Ինձ համար էականորեն տարբերվում են արտիստ եւ դերասան հոմանիշ բառերը: Երկուսի կրողներն էլ բեմում են, սակայն մեկըՙ արտիստը, արտահայտում է ներքին դրամատուրգիա, իսկ մյուսը դեր է ասում, աշխատում է իբրեւ դերասան եւ ոչ արտիստ: Վերջինս չի սահմանափակվում դրամատուրգի բառի շեշտադրությամբ, այլ որոնում է իր շեշտերըՙ բեմում բառը հնչեցնելով նորովի, ինչ-որ տեղՙ առաջին անգամ, դա արդեն իր բառն է, իր աշխարհը, չէ՞ որ ասված էՙ բառը աշխարհ է, ավելացնեմՙ ոչ ամեն բառ եւ ոչ ամեն մեկի արտասանած, այլ հոգեղեն-մտավոր ակունքներից ծնված բառը: Արթուր Ութմազյանն արտիստ է, մեր օրերի հայոց թատրոնի երեւելիներից, որոնք շատ չեն, ինչպես մշակույթի բոլոր ասպարեզներում, որտեղ, միանգամայն բնական է, բազումք են կոչեցյալք, եւ սակավՙ ընտրեալք, բայց այդ սակավը, պարզվում է, շատերի հավաքականությունից ծանր է կշռում: Սա արվեստի կախարդանքն է, երբ մեկ-երկուսն էլ խորհրդանշում են մեծ թիվ, մեկ Արթուրըՙ ծանրակշիռ երեւույթ:

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4