Լուսանկարչական ցուցահանդես նվիրված Դիարբեքիրի երբեմնի հայկական թաղամասին
Չնայած «Հայկական հարցի» վրա դրված տաբուին, Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին Թուրքիայի քաղաքական հասարակական, գիտական շրջանակների հակազդեցությունը նախադրյալներ է ստեղծում, որ երկրում վերարծարծվի «1915-ի իրադարձությունների» հարցը, որոնց շրջանակներում արծարծվում են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «հայկական կոտորածները», «հայերի տեղահանությունը», «մահմեդականացված հայերը», «հայերի ունեցվածքը», «տեղահանության շնորհիվ հարստացածները», «նախկինում հայերով բնակեցված քաղաքները» եւ «քաղաքների հայկական թաղամասերը»:
Վերոհիշյալ հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ են հրապարակվում թուրքական մամուլի էջերում: Այդպիսի մի հոդված «Հուրիեթի» մայիսի 17-ի համարում հրապարակել է Էզգի Բաշարանը, որի շնորհիվ տեղեկանում ենք, որ հայկական թաղամաս է եղել նաեւ Դիարբեքիրում, դա կոչվել է «Գյավուրների թաղամաս», որտեղ վերջին 5 տարիներին աշխատանքներ է կատարել ֆոտոթղթակից Մյուժգան Արփաթը եւ բացել «Գյավուրների թաղամասի անցյալն ու ներկան» թեմայով լուսանկարչական ցուցահանդես: «Հուրիեթի» հեղինակը լուսանկարչի գործունեությունը նկարագրելիս, ընդարձակ մեջբերումներով մեզ է փոխանցում այդ թաղամասի մասին վերջինի տպավորությունները:
Մյուժգան Արփաթը գերմանացի մոր եւ թուրք հոր դուստր է: Նրա լուսանկարները հրապարակվում են Գերմանիայի տարբեր թերթերում եւ հանդեսներում, որպես ֆոտոթղթակից աշխատում է գերմանական հեռուստատեսություններից մեկում, իսկ Թուրքիայում թղթակցում է ինչպես «Գյունդեմի» պես թուրքական, այնպես էլՙ «Ակօսի» եւ «Ամարգիի» նման հայկական եւ քրդական թերթերին: Համահեղինակներից է «Բոլորս Հրանտ Դինք ենք» լուսանկարչական ալբոմի:
«Հուրիեթի» հեղինակը պատմում է, որ Մյուժգան Արփաթի ցուցահանդեսում ցուցադրվում են Դիարբեքիրի «Հանչեփեք» թաղամասի լուսանկարները: Ցուցահանդեսից ստացած գումարները հանձնվելու են «Հրանտ Դինք» հիմնադրամին: Այս թաղամասը նախկինում եղել է հայկական, այդ իսկ պատճառով մահմեդականները դա կոչել են «Գյավուրների թաղամաս», որտեղ ներկայումս, Արփաթի վկայությամբ, «ոչ գյավուր է մնացել, ոչ էլ ժամերգության պիտանի եկեղեցի»:
Երկրի հարավ-արեւելքում PKK-ի դեմ ծավալվող կռիվների ընթացքում հրկիզված գյուղերի բնակիչներն ապաստանել են «Գյավուրների թաղամասի» վաղուց կողոպտված, ավերակի վերածված եկեղեցիներում եւ առանձնատներում, ինչի հետեւանքով թաղամասն արդեն քրդական է դարձել: Հոդվածագրի փոխանցմամբ, ֆոտոթղթակիցը 5 տարի անընդհատ հաճախել է թաղամաս, նույնիսկ օրերով բնակվել է այնտեղ, որպեսզի լուսանկարներով պատկերի դրա անցյալն ու ապագան:
Արփաթն առաջին անգամ հայտնվելով Դիարբեքիրի «Գյավուրների թաղամասում», փորձել է հայ բնակիչների գտնել, բայցՙ ապարդյուն: Մինչդեռ նա գիտեր, որ մինչեւ 1915-ն այնտեղ 2925 հայ էր բնակվում: Նա այնուհետեւ գնացել է Մարիամ Աստվածածին եկեղեցի, որը Դիարբեքիրի միակ կանգուն եկեղեցին է: «Գյավուրների թաղամասից» ոչ հեռու ասորական այս եկեղեցում նա ծանոթացել է «Սարգիս հորեղբոր, նրա տիկնոջՙ Պայծառ մորաքրոջ եւ նրանց դուստր Վիկտորյայի» հետ: Պարզվել է, որ նրանք Դիարբեքիրի վերջին 3 հայերն են, տարիներ շարունակ քողարկել են իրենց հայկական ինքնությունը եւ դիմակայել ահավոր հալածանքների:
2004-ին Դիարբեքիրում հայկական ինքնությունը չթաքցնողների թիվը, ըստ Արփաթի, եղել է 22: 2006-ին այս թիվը կրճատվել է 7-ի, իսկ մեկ տարի անց քաղաքում արդեն մնացել են վերոհիշյալ 3 հայերը: Մինչդեռ Տիգրան քահանան գալով Ստամբուլից, կամավոր հաստատվել էր Դիարբեքիրում, որպեսզի ժամերգություն մատուցի հայ ծխականներին:
«Գյավուրների թաղամասում», Արփաթի պատմածով, կան հայկական եւս 2 եկեղեցու ավերակներ: Նրանցից մեկը հայ կաթողիկե, մյուսըՙ հայ բողոքական եկեղեցիներն են: Մեկը դեռեւս 2 տարի առաջ իբրեւ աղբանոց էր օգտագործվում: Հիմա եկեղեցին բնակեցնում են քուրդ ընտանիքներ: Թեեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը փորձել է մաքրել, սակայն գողերը եկեղեցում, այնուամենայնիվ, «կողոպտելու եւ ջարդելու բաներ գտել են»: Վերջապես եկեղեցուն տեր է կանգնել դիմացի հացթուխը: Նա դռան բանալիները պահում է իր մոտ, երբ այցելուներ են գալիս, բացում եւ սպասարկում է նրանց:
«Գյավուրների թաղամասի» խոշորագույն Ս. Կիրակոս եկեղեցին կառուցվել է շատ ընդարձակ տարածքի վրա: 9-րդ դարի աղբյուրները բազմաթիվ վկայություններ են պարունակում այս եկեղեցու փառահեղ օրերի եւ վսեմության մասին: Ըստ վկայությունների, նա ունեցել է Միջին Արեւելքում հայկական խոշորագույն տաճարի համարում, իսկ հիմաՙ ավերակ է: 1915-1960 թթ. եկեղեցին օգտագործվել է որպես զինապահեստ, ապաՙ դարձել «Սումերբանկի» գրասենյակ: Այնուհետեւ իշխանությունները եկեղեցին վերադարձրել են հայ համայնքին, բայց ահավոր ավերված եւ թալանված վիճակում, գողացվել են նույնիսկ դռան մուրճիկներն ու բարձրադիր պատերի արձանագրությունները: Սկսած 1990-ականներից, եկեղեցու տարածքը ապաստան է դարձել շրջակա գյուղերից փախած քուրդ ընտանիքների համար: Թեեւ Տիգրան քահանան Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ գումար է հայթայթել, սակայն նրա նախաձեռնությունը բախվել է համայնքային կալվածքների մասին օրենքի արգելքներին եւ ձախողվել:
Ասորական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին Դիարբեքիրի քաղդեականների, ասորիների եւ հայերի համար քրիստոնեական միակ տաճարն է: Այլ աղոթատեղի նրանք չունեն, որտեղ, Մյուժգան Արփաթի վկայությամբ, ժամերգություն է մատուցում ասորի քահանա Յուսուֆ Աքբուլութը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ