Ալբերտ Ազարյանը հայ օլիմպիականների դրոշակակիր
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երեկ ներկայացրեց նախարարության 2008-ի գործունեության ծրագիրը, անդրադարձավ կատարված աշխատանքներին, Պեկինի օլիմպիական խաղերին հայ մարզիկների նախապատրաստությանը:
Ըստ նախարարի, հունվարից անց են կացվել Հայաստանի 25 առաջնություններ, մեր մարզիկները մասնակցել են միջազգային 47 մրցաշարերի, կազմակերպվել է ուսումնամարզական 46 հավաք: Եվրոպայի առաջնություններում Հայաստանի պատվիրակները նվաճել են 24 մեդալ, որից 15-ը` ոսկե: Մեր մարզիկներն օլիմպիական 23 ուղեգիր են նվաճել: Սպասվում է, որ ՄՕԿ-ը սպիտակ քարտ կտրամադրի մեկ լողորդի ու թեթեւատլետի, այնպես որ ամենայն հավանականությամբ Պեկինում Հայաստանը կներկայացնեն 25 մարզիկներ: Բնականաբար, օլիմպիականների նախապատրաստական աշխատանքներն, ուսումնամարզական հավաքները սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի ուշադրության կենտրոնում են: Ստեղծվել է հանրապետական շտաբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Երկու շաբաթը մեկ շտաբը նիստում քննարկում եւ համապատասխան լուծում է տալիս այս կամ այն հարցին: Մոտակա նիստը կայանալու է հունիսի 3-ին ձիարշավարանում: Նախարարը լրագրողներին հրավիրեց մասնակցելու նիստին: Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանին օլիմպիադային մասնակցելու իրավունք տալու հարցին, պարոն Գրիգորյանը նշեց, որ ինքն անձամբ մի քանի անգամ այդ հարցով զրուցել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, սակայն առայժմ որեւէ լուրջ տեղաշարժ չկա:
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն լիովին լուծված են մեր օլիմպիականների մարզական հանդերձանքի եւ Պեկին մեկնելու հետ կապված բոլոր հարցերը: Մարզական հագուստը կապահովի «Բոսկո լապուչելի» ֆիրման, մասնագիտականը` «Ադիդասը», իսկ շքերթայինը` «Արեւիկը»: Շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը լինելու է օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: Մեր մարզիկները Պեկին կմեկնեն տարբեր խմբերով` հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է օլիմպիադայում մեր մարզիկներից ակնկալվող արդյունքներին, ապա նախարարը միայն նշեց, որ կան մեդալի հույսեր, բոլորն էլ մարտականորեն են տրամադրված ու կձգտեն հաջողությամբ հանդես գալ:
Նախարարը նշեց, որ կառավարությունը հունվարին 20 տոկոսով բարձրացրել է մարզիչ-մանկավարժների աշխատավարձը` որոշ չափով բարելավելով նրանց սոցիալական վիճակը: Ըստ նրա, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել ազգաբնակչության առողջ ապրելակերպի, ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականության աճի ուղղությամբ: Դրանցից լավագույնները նա համարում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառումը եւ հանրակրթական դպրոցների սպարտակիադան: Եթե 2004-ին մասնակցել է 51 ընտանիք, ապա այսօր դրանց թիվը հասնում է 110-ի: Մասսայական միջոցառումներ են կազմակերպվել նաեւ մարզերում:
Միջազգային հարաբերությունների զարգացման ոլորտում կնքվել են համագործակցության պայմանագրեր Իրանի եւ Բուլղարիայի հետ: Աշխատանքներ են տարվել նաեւ օրենսդրական դաշտում: Արդեն 2-րդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է մանկապատանեկան սպորտի մասին նոր օրենքը, որում ժամանակին համահունչ փոփոխություններ են կատարվել: Իսկ սպորտի մասին մայր օրենքը մշակման ու հաստատման վերջին փուլում է: Երրորդը երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության օրենքն է, որն արդեն ներկայացվել է ԱԺ: Այս ոլորտում 145 միջոցառումներ են անցկացվել, որոնք նպաստել են սպորտը եւ մասսայական ֆիզկուլտուրան երիտասարդության շրջանում արմատավորելուն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ