Երեկ վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Տիրասպոլ, որտեղ այսօր «Շերիֆ» մարզադաշտում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Մոլդովայի ընտրանու հետ: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 21-ին: Այնուհետեւ ՀՀ հավաքականը կուղեւորվի գերմանական Օֆենբախ քաղաք, որտեղ հունիսի 1-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Հունաստանի ֆուտբոլիստների հետ: Հույների համար այդ հանդիպումը կլինի վերջին փորձամրցումը Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Օրերս հույներն ընկերական մրցախաղում 2-3 հաշվով պարտվել են հունգարացիներից: Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելը օգտակար է համարել այդ պարտությունը. «Եթե մենք այդպես խաղայինք հունիսի 10-ին շվեդների հետ, ապա հաղթելու ոչ մի հնարավորություն չէինք ունենա: Հունգարիայի հավաքականն օգտվեց մեր թույլ տված սխալներից եւ ապացուցեց, որ մենք դեռեւս լավ մարզավիճակում չենք»:
Այդ խաղում հույների կազմում վնասվածք են ստացել դարպասապահ Անտոնիոս Նիկոպոլիդիսը եւ հենակետային կիսապաշտպան Անգելոս Բասինասը: Սպասվում է, որ երկուսին էլ հանգիստ կտրվի եւ նրանք չեն մասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Իսկ մոլդովացիները 0-1 հաշվով պարտվել են խորվաթներին:
Առաջին ընկերական մրցախաղերի անցկացման հետեւանքով մայիսի 30-ին կայանալիք «Արարատ»-«Փյունիկ» եւ հունիսի 4-ին նշանակված «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են, քանի որ «Փյունիկի» 5 ֆուտբոլիստներ ընդգրկված են ազգային հավաքականում: Հետաձգվել են նաեւ 7-րդ եւ 8-րդ տուրերի «Բանանց»-«Միկա» եւ «Բանանց»-«Գանձասար» հանդիպումները, քանի որ «Բանանցի» 3 ֆուտբոլիստներ ընդգրկված են իրենց երկրների ազգային հավաքականներում:
Ազգային հավաքականի կազմում Տիրասպոլ են մեկնել հետեւյալ 20 ֆուտբոլիստները:
Դարպասապահներ
Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Կիսապաշտպաններ
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Փաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Արթուր Մինասյան («Արարատ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
Մարկոս Պիզելի («Արարատ»)
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ