Նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանի մայիսի 26-ի հրամանագրով Գրիգորի Սարգսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Սարգսյանը հայտարարել է, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել եւ առայժմ չգիտի, թե ինչով կզբաղվի:
Բացվել են դպրոցական քննական թեստերի արկղերը
Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանի, ԳԹԿ մշակման եւ կազմակերպման վարչության պետ Կարո Նասիբյանի եւ ԶԼՄ-ների ներկայությամբ մայիսի 27-ին «Արարատբանկ»-ի բունկերներում պահպանվող 2007-2008 թթ. ուստարվա դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության միասնական չորս առարկաների քննական թեստերի արկղերը բացվեցին: Ինչպես նշեց փոխնախարար Բագրատ Եսայանը, արկղերի բացման անհրաժեշտությունը պայմանավորված է զուտ աշխատանքային խնդիրներով. «Պետք է կոմպլեկտավորվեն բոլոր թեստերը, որպեսզի քննություններից առաջ տարվեն հանրապետության 55 քննակենտրոններ»: Բագրատ Եսայանը նշեց, որ թեստերի ծրարները փակ են եղել եւ չեն բացվել. «դրանք կբացվեն միայն քննությունից առաջ»: