«Թեեւ 2008-ի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում, լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ, մասնավորապես ընտրության օրվանից հետո», նշված է զեկույցում: «Այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափանիշների նկատմամբ եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության եւ հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»:
Զեկույցը գնահատում է ընտրական գործընթացները ԵԱՀԿ պարտավորությունների, այլ միջազգային չափանիշների եւ ազգային օրենսդրության համապատասխանության տեսանկյունից: «Հայաստանում առկա են հիմնավոր իրավական հիմքեր` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. մեր զեկույցում առանձնացված թերությունները ծագում են առկա օրենքների եւ կանոնների արդյունավետ ու անկողմնակալ գործադրման վճռականության պակասի հետեւանքով», հավելել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիսթիան Շթրոհալը: «Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան իրական հանձնառություն իշխանությունների կողմից` բոլոր մակարդակներով»: Զեկույցը ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ` ներառյալ ընտրական գործընթացներում հասարակական վստահության պակասի հետ կապված միջոցառումներ, բոլոր քաղաքացիների համար ապահովելու ուժի գործադրումից եւ ահաբեկումից զերծ քվեարկություն եւ հաստատելու հստակ սահմանազատում պետական կառույցների եւ իշխող քաղաքական կուսակցության միջեւ: